Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Այս էջը հաստատված է

մտած արևից շառագունած հորիզոնը։ Դեռ երկար ժամանակ և բոլորովին անշարժ, որպես արձան, նա անթարթ դիտում էր հեռուն, կարծես կամենալով թափանցել, տեսնել, թե ի՞նչ է կատարվում այնտեղ՝ հորիզոնի մյուս կողմը, երբ հանկարծ արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս ցայտեցին նրա աչքերից, նրա գունատված այտերի վերայով ցած գլորվեցին, միևնույն ժամանակ նրա կրծքից դուրս թռավ մի շատ նվազ սրտամաշ հառաչանք, նա ձյունի նման սպիտակ թաշկինակը մոտեցրեց աչքերին և կամաց նստեց այնտեղ դրված աթոռի վերա։ Արտասուքը խեղդում էր նրան, բայց նա զսպում էր իրեն։

«Դժվա՜ր է, դժվա՜ր...»,— վերջապես շշնջաց նա, և արտասուքը առվի նման դուրս ցայտեց նրա աչքերից։ Նա թաշկինակը ամուր սեղմեց աչքերին, և երկար ժամանակ դեռ լսվում էր նրա զսպված, խուլ հեկեկանքը։ նա մոռացել էր անգամ, որ փողոցում յուր վերա ուշադրություն դարձնողներ կարող էին լինել։ Վերջապես նա սրբեց արտասուքը, մի փոքր հանգստացավ և, յուր գեղեցիկ գլուխը ձեռքերին հենելով, դարձյալ ընկղմեցավ խոր մտածության մեջ։

Այդ միջոցին հանկարծ բացվեցավ պատշգամբի դուռը, և շեմքի վերա մի հաստափոր մարդ երևաց։ Դա մոտ հիսուն տարեկան, միջին հասակով, կարճ բեղերով ու մազերով մի մարդ էր։ Մի ինչ-որ խստություն և անգթություն նշմարվում էր նրա սուր հայացքի մեջ։ Նրա լիքը կարմիր թշերը ցույց էին տալիս, որ ջրի տեղ նրան ծառայում էր կախեթու «գլուխ գինին», իսկ նրա դուրս ընկած հաստ փորը կարծես ասում էր. «Գիտե՞ք, պարոններ, թե որքան անմեղների ու աղքատ գյուղացիների քրտինքի ու արտասուքի գնով եմ ես այսպես հաստացել»... Շոգն ստիպել էր նրան արձակելու յուր սև-ատլաս արխալուղի կոճակները, որի տակից երևում էր նրա սպիտակ, օսլայած շապիկը։ Նրա ուռած աչքերից երևում էր, որ խաղաղ և կուշտ քնից նոր էր արթնացել։

Սա օրիորդի հայրը՝ աղա Յագոր Բուղդանիչն էր։

— Դու էստի ի՞ս, Նինո,— ասաց նա դանդաղությամբ հորանջելով։ Օրիորդը, որը նրա հայտնվելը չէր լսել, հանկարծ այդ ձայնի վերա սթափվեց և իսկույն ևեթ վեր կացավ տեղից։