Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Այս էջը հաստատված է
ՄԵՐ ԹԱՂԸ


ԻՆՉՊԵՍ ԲԺՇԿԵՑԻՆ

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը։ Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես։ Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու անցորդի գլխին։ Փոքրիկ պատուհաններ՝ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ։

Այսպիսի տնակներից մեկն էր և ջուլհակ Թորոսի խրճիթը։ Սակայն այս խրճիթը մյուս տնակներից տարբերվում էր միայն նրանով, որ սրա պատերի կեսն ալիզից էր (կավի և հարդի շաղախից) և կտրանը երդիկ ուներ, որի գլուխը ծածկված էր կոտրած կարասի վերին մասով։ Այդ երդիկի տակ էր ջուլհակի դազգահը, և այդ տեղից էր նա ձմեռը լույս ստանում կտավ գործելիս, որովհետև միակ պատուհանը շատ փոքր էր և դազգահից հեռու։

Ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր, նստում էր իր նահապետական դազգահի առջև, ոտները կախում հորի մեջ, մաքոքը հինածի միջով աջ ձեռքից ձախն էր գցում, ձախից աջը, և վաղ առավոտից մինչև ուշ