Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Այս էջը հաստատված է

«Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ ավելցրեց նա հուսահատութչամբ։— «Այս անպիտան զգացմունքն ինձ հանգիստ չի տալիս... ինձ խելագարեցրել է»...

Սակայն բախտը նրան առաջին անգամ ժպտաց, ժպտաց, որպեսզի վերջը նրան ամենասոսկալի թշվառության հասցնե։

Նույն շաբաթ օրը լրանում էր առաջին ամիսը, ինչ նա բնակվում էր աղա Յագոր Բուղդանիչի տանը։ Սեյրանյանը պատրաստվեցավ նույն օրն երեկոյան սենյակի վարձը վճարելու՝ եկող ամսվա համար։ Աղա Յագոր Բուղդանիչն, ինչպես այժմ առհասարակ սովորություն է դարձած, տան վարձը ամսի գլխից էր առնում։

Մինչև այն օրը նրան բոլորովին չէր հետաքրքրել, թե ո՞վ էր այն աղջիկը, որ իրեն մի հայացքով այնպես կախարդել էր։ «Ի՞նչ կլինի, եթե նա տանտիրոջ աղջիկը լինի»...— մտածում էր նա։ Նա շտապով հագնվեց, սանրվեց և պատրաստվեցավ գնալու։ Սանդուղքներով բարձրանալիս նա զգաց, որ սիրտը սաստիկ բաբախում է, և ծնկները դողում են։ Անցնելով մի շարք լուսամուտների առաջով, նա կանգ առավ աղա Յագոր Բուղդանիչի սենյակներից մեկի դռան մոտ, երկչոտությամբ բացեց դուռը և մտավ ներս։ Առաջինը նրա աչքին ընկավ Նունեն, որ դեպի փողոց նայող լուսամուտներից մեկի առաջ, բազկաթոռի վերա նստած գիրք էր կարդում։ Նրանից մի փոքր հեռու՝ բազմոցի մեջ, թաղված էր նրա մայրը՝ աղա Յագոր Բուղդանիչի կինը, որ մի գեղեցկատեսիլ, վրաց տարազի հագուստով, մոտ երեսունևհինգ տարեկան կին էր։ Նա այնքան նման էր յուր աղջկան, որ կարծես մի խնձոր լինեին կես արած։ Նա նույնպես մի ինչ֊որ գիրք էր կարդում։ Սեյրանյանը մտնելուն պես՝ մայր ու աղջիկ դարձան դեպի դուռը։

Սեյրանյանը սաստիկ շփոթված՝ գլխարկը ձեռքին կանգնած մնացել էր դռների մոտ. նա զգաց, որ վատ է և գրեթե վախենալով խոսեց ցածր ձայնով.

— Ներեցեք, տիկին... ես... ես... ձեզ խանգարեցի...

— Ա՜խ, ամենևին ոչ. պ. Սեյրանյան,— շտապեց պատասխանել նրան տանտիկինը սիրալիր ժպիտով և մի տեսակ գրավիչ ձայնով։— Ի՞նչ էիք կամենում... գո՞րծ ունեք։

— Ես... ես տան վարձը բերել եմ, տիկին,— ասաց Սեյրանյանը դարձյալ շփոթված։ Այդ րոպեին նա չափից դուրս