Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Այս էջը հաստատված է

գեղեցիկ էր։ Օր. նունեն նայեցավ նրան և ամոթից կարմրելով, գլուխը կախեց գրքի վերա։

— Ինչի՞ եք այդպես շտապել,— ասաց տանտիկինը, նույն սիրալիր ժպիտով և մի տեսակ փաղաքուշ հայացքով նայելով Սեյրանյանի ամոթից վայր թողած գեղեցիկ աչքերին։— Բայց ինչի՞ չեք նստում, պ. Սեյրանյան։ Համեցեք.— և տանտիկինը ցույց տվեց իրենից մի փոքր֊ինչ հեռու մի բազկաթոռ։

Սեյրանյանը մեկ կամենում էր շուտով դուրս գնալ այդտեղից, մեկ էլ մի բան նրան ներսից ստիպում էր մնալու։ Մի քանի վայրկյան տատանվելուց հետո վերջապես նա սիրտ առավ և մեքենայաբար նստեց տանտիկնոջ ցույց տված բազկաթոռի վերա։ Նա չէր համարձակվում նայելու օր. Նունեին, թեպետև նրա ուշքն ու միտքն ամբողջապես նրա կողմն էին։

— Հա՛, դուք դեռ ծանոթ չե՞ք կարծեմ իմ աղջկանս հետ,— հանկարծ հարցրեց տանտիկինը։

— Ո՜չ, տիկին... դեռ ես... այդ պատիվը չեմ ունեցել,— առավել ևս շփոթվելով պատասխանեց Սեյրանյանը, որի սիրտը սաստիկ արագությամբ սկսեց բաբախել, այնպես որ նա մինչև անգամ ձեռքը սեղմեց կրծքին։

— Ուրեմն խնդրեմ ծանոթանաք։

Սեյրանյանը մեքենայաբար վեր կացավ, օր. Նունեն՝ նույնպես, նրանք մոտեցան միմյանց և չհամարձակվելով միմյանց դեմքին ուղիղ նայելու, սեղմեցին միմյանց ձեռքը և միևնույն ժամանակ երկուսն էլ շշնջացին իրենց անունները։ Սեյրանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի՞ սովորականից ավելի պինդ սեղմեց և ավելի երկար պահեց նրա ձեռքն յուր ձեռքում, միայն նա զգաց, թե ինքն այդ ժամանակ ամբողջապես ցնցվեց։ Այնուհետև նրանք դարձյալ բռնեցին իրենց առաջվա տեղերը։

Այդ ժամանակ մտավ ծառան և տանտիկնոջը մի ինչ-որ բանի համար դուրս կանչեց։

— Ներեցեք, պ. Սեյրանյան,— ասաց տանտիկինը տեղից վեր կենալով,— ես իսկույն կգամ... մի քանի րոպե միայն... խոսեցեք առժամանակ միասին... Նունե՜, զբաղվեցեք խոսակցությամբ, ես գալիս եմ այս րոպեիս։