Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Այս էջը հաստատված է

գիշեր խրճիթի խոր լռության մեջ լսվում էր ճախարակների միալար ճռճռոցը։ Այժմ ծերացել էր, շատ էր ծերացել. մեջքը կորացել, կուզ էր դարձել, մորուքը սպիտակափառ փռվել էր կրծքին, սպիտակ թավ հոնքերը կախվել էին հանգած աչքերի վրա, ձեռքերը դողդողում էին և առանց ձեռնափայտի չէր կարողանում ման գալ։ Ու չէր հիշում, թե երբվանից էր, որ դազգահը, կարծես խոր քուն մտած, կանգնած էր երդիկի տակ իր ցից-ցից սյուներով, առանց հինածի, որպես մի կմախք. չէր հիշում, թե երբվանից էր, որ ջահրան իր ծռված անիվով ընկած էր անկյունում անգործ, չէր հիշում, թե երբվանից էր, որ մասրաները փոշեթաթախ ընկած էին մութ պատի տակ՝ թիթեղյա այն փոքրիկ լամպի հետ, որ գիշերները մխում էր դազգահի մոտ։

Այն էլ չէր հիշում, թե երբ էր մեռել կինը, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ, որ այժմ մոտ երեսուն տարեկան էր և իր միակ հույսն ու ապավենը այդ խորին ծերության հասակում։ Մարթան էր նրան կերակրում, հագցնում իր ձեռքի աշխատանքով և չէր ամուսնացել միայն նրա համար, որ ծերունի հայրն անտեր-անտիրական չմնա։ Նրա, ինչպես և համարյա ամբողջ թաղի կանանց, սովորական աշխատանքը հինած գործելն էր, որ նա վերցնում էր ասիական դերձակներից։ Ամբողջ օրն աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու։ Նրան միշտ կարելի էր տեսնել կամ դուրսը հարևան կանանց պես տան պատի տակ վիլալարը ձեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը, թախտի վրա, դազգահի առջև նստած, գուլուփան ու թուրը ձեռքին, հինած գործելիս։

Տարօրինակ աղջիկ էր Մարթան։ Ծիծաղ, ուրախ տրամադրություն ասած բանը կարծես բնավ ծանոթ չէր նրան, ծանրաբարո, սակավախոս, միշտ զգաստ, միշտ լուրջ, միշտ կենտրոնացած իր ներքին աշխարհի մեջ, ուր կարծես շարունակ պրպտում էր ինչ-որ ու չէր գտնում։ Դեռևս մոր կենդանության ժամանակ, որ զարմանալի աստվածավախ կին էր, տարված ամեն տեսակ նախապաշարումներով, նա սովորել էր հավատալ սրբերին, որոնք այժմ մի-մի պաշտամունքի առարկա էին դարձել նրա համար։ Նրա ամենապաշտելի