Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Այս էջը հաստատված է

Մի՞թե այլևս հնար կար ծածկելու. և այդ մեծ, սրբազան բառերի հետ նա տվեց նրան յուր սիրտը, յուր հոգին, յուր բոլոր գոյությունը...

Անցավ մի տարի։ Սեյրանյանը տակավին բնակվում էր աղա Յագոր Բուղդանիչի տանը։ Նրա և օր. Նունեի մեջ եղած հարաբերությունները բոլորովին սերտացել էին։ Նրանց սիրո մեջ մի մազաչափ փոփոխություն անգամ չէր պատահել. նրանք ավելի ու ավելի անձնատուր էին լինում իրենց սիրո բուռն զգացմունքներին և կարծում էին, համոզված էին, որ այլևս ոչինչ ույժ նրանց սրտերը բաժանել չի կարող մինչև վերջին շունչը։ Շատ անգամ լավ եղանակներին, երեկոները նրանք գնում էին զբոսնելու, իսկ կյուրակի առավոտները գնում էին եկեղեցի կամ մենակ երկուսով, և կամ երբեմն էլ նրանց ուղեկցում էր և՛ օրիորդի նույնչափ պարզամիտ, որքան և բարի մայրը, որ Սեյրանյանին յուր որդու չափ սիրում էր։ Սիրահարվածները իրենց այնպես էին պահում, որ օրիորդի ծնողները ո՜չ թե իմանալ, այլ կասկած անգամ տանել չէին կարող, որ նրանք սիրում են միմյանց, մանավանդ Սեյրանյանը, որ հենց սկզբից ճանաչված էր իբրև մի շատ համեստ, ազնիվ ու խելացի երիտասարդ։

Նրանց սիրահարական տեսակցություններն առհասարակ պատահում էին Սեյրանյանի սենյակում։ Նրանք սիրում էին միմյանց անկեղծ կամ ինչպես ասում են, սուրբ սիրով։ Նրանք ուրիշ ոչինչ չէին կամենում, բայց եթե միայն խոսել միմյանց հետ, զանազան երեխայական կատակներ անել, ծիծաղել, նայել միմյանց աչքերին, ժպտալ միմյանց երեսին և գրկախառնվել։ Եվ այդ նրանց համար երկնային երջանկություն էր, որին ուրիշ մի բանի հետ փոխել չէին կարող։

Նույն տարին Սեյրանյանը վերջնական քննություն տվավ գիմնազիոնում և ամենաառաջին ավարտողներից մեկը եղավ։

Այժմ հարկավոր էր հոգ տանել ապագայի մասին։ Նա վաղուց արդեն, ուսումը թերի չթողնելու համար, մտադիր էր գնալ Ռուսիա կամ արտասահման ուսումն այնտեղի համալսարաններից մեկում շարունակելու. նա վաղուց մի որոշ նպատակ ուներ ընտրած — այն է` բժիշկ դառնալ` հայրենիքում գործելու համար։ Նա սիրում էր հայրենիքը յուր սրտի սրբազան զգացմունքներով, սիրում էր կոշտ, կոպիտ գյուղացուն,