Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Այս էջը հաստատված է

Այդպիսի խոսակցությունները ո՛րպես դուր էին գալիս Նունեին, ո՛րպիսի անհուն հոգեզմայլությամբ և երջանիկ ժպիտով նա նայում էր այդ ժամանակ Սեյրանյանի լուրջ, խելացի դեմքին։

— Ա՜խ, Գրիգոր,— շշնջում էր նա այդ ժամանակ,— դու քո այդ խոսքերով ակամայից ինձ սիրեցնել ես տալիս գյուղական կյանքը... Այո՛, քաղցր է դա, Գրիգոր... Ինչի՞ ես էլ գեղջկուհի չեմ ծնված... ես էլ կգործեի... քեզ հետ... միասին...

— Այո՜, այո՛, իմ անգի՜ն Նունե, մենք այնտեղ կգործենք միասին— այնտե՜ղ— գյուղի խաղաղության մեջ,— բացականչում էր ոգևորված երիտասարդը և Նունեին յուր հուզված կրծքին սեղմում։

-------

Հուլիս ամիսն էր։

Երեկոյան, երբ արևն արդեն մայր էր մտել, Սեյրանյանը՝ յուր փոքրիկ լուսամուտի առաջ նստած՝ մտքում հազար ու մի նախագծեր էր կազմում յուր ապագայի համար... նա վաղուց արդեն ծնողներից համաձայնություն էր ստացել համալսարան գնալու և այժմ ուրախ էր, երջանիկ, ինչպես մի անմեղ մանկիկ. նրա սիրտը, հոգին, ուղեղը դեռ ծանրաբեռնված չէին կյանքի դառնություններով, և նա այդ դառնությունների մասին մտածել անգամ չէր կամենում։ Ինչի՞։ Ո՞վ գիտե, գուցե նա կարծում էր, որ մարդուս մի անգամ վիճակված բախտը նրանից այլևս հեռանալ չի կարող, կամ շատ կարելի է նա երկյուղ էր կրում, թե մի գուցե, ստեղծելով յուր առաջ մթին, մռայլ կյանք, թունավորվի յուր անհուն երջանկությունը... Ինչևիցե, բայց ի՞նչ հարկ էր ստեղծելու յուր առաջ մի այդպիսի մթին, մռայլ կյանք, քանի որ տակավին բախտը ժպտում էր նրան...

Դեռ երկար ժամանակ նստած անշարժ՝ նա անձնատուր էր եղել յուր քաղցր ցնորքներին, երբ հանկարծ ներս մտավ տանտիրոջ ծառան և նրան հեռագիր տալով, դուրս գնաց դարձյալ։ Սեյրանյանն այդ առաջին անգամն էր, որ հեռագիր էր ստանում, այդ պատճառով նա անհանգստությամբ բացեց հեռագիրը և սկսեց լուռ կարդալ։ Հանկարծ նա օձից խայթվածի