Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Այս էջը հաստատված է

նման վեր ցատկեց տեղից և, ամբողջ մարմնով դողալով, վայր ընկավ գետին։ Հեռագիրը ընկել էր նրա կողքին։

Նունեն յուր սովորության համեմատ այդ միջոցին ներս մտավ սենյակը՝ նրա հետ մի փոքր խոսակցելու. բայց ո՜րքան զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ նա, երբ նրան գետնի վերա անշունչ տարածված տեսավ։ Նա իսկույն, խելագարի նման, բռնեց նրան և սկսեց շարժել։

— Գրիգո՜ր, Գրիգո՜ր,— կրկնում էր նա անդադար հուսահատությամբ։

Սեյրանյանը կենդանության մի նշույլ անգամ չէր ցույց տալիս։

Օրիորդը կարծեց թե նա արդեն մեռած է, բայց ինչի՞ց... սարսափից անպատմելի կերպով ցավում, ճմլվում էր նրա սիրտը։ Նա դրեց յուր ձեռքը նրա կրծքին,— նա բաբախում էր,— յուր սիրելին տակավի՜ն կենդանի էր... Ուրեմն հույս կար... և նա իսկույն դուրս վազեց սենյակից։ Մի րոպեից հետո նա դարձյալ ներս ընկավ՝ մի ինչ֊որ սրվակ ձեռքին բռնած։ Նա մոտեցրեց սրվակը Սեյրանյանի քթին, և մի րոպեից հետո Գրիգորը բացեց աչքերը... Երբեք Նունեն յուր կյանքի մեջ այնքան չէր ուրախացել, որքան այդ րոպեին, երբ յուր սիրելիի մեռած հայացքը ընկավ յուր դեմքի վերա։

— Գրիգո՜ր,— բացականչեց նա և իսկույն գրկելով նրան՝ օգնեց ոտի կանգնելու։ Նա Սեյրանյանին նստեցրեց մահճակալի վերա, ինքն ևս նստելով նրա կողքին,— Գրիգո՜ր, ի՞նչ է պատահել քեզ, — հարցրեց նա՝ ձեռքը նրա ճակատին դնելով։

Սեյրանյանն ապուշի նման նայում էր նրա երեսին։

— Դու ինձ չե՞ս լսում, Գրիգո՜ր, ի՞նչ է պատահել քեզ,— կրկնում էր օրիորդը անհանգստությամբ։

— Ի՞նչ,— վերջապես հարցրեց Սեյրանյանը մի տեսակ մեռած ձայնով։

— Ինչո՞ւ դու ուշաթափվել էիր... Դու հիվա՞նդ ես... Ի՞նչդ է ցավում։

Սեյրանյանը մի փոքր ուշքի եկավ, ըստ երևույթին, նա ոչինչ հիշում։ Նա պինդ սեղմեց յուր գլուխը ձեռքերի մեջ։ Հանկարծ նրա հայացքն ընկավ հատակի վերա ընկած հեռագրին. նա ուզեց վեր կենալ և վերցնել հեռագիրը, բայց այնքան