Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Այս էջը հաստատված է

ույժ չուներ։ Նա անխոս, ձեռքով ցույց տվեց հատակի վերա ընկած հեռագիրը։ Նունեն բոլորովին զարմացած՝ վերցրեց այն և կարդաց։ «Երեկ գիշեր ավազակները մտնելով ձեր տուն՝ ձեր ծնողներին սպանել են և ողջ հարստությունը տարել։ Շուտով հասեք»։ Սեյրանյանը հենց առաջին խոսքերի վերա ամեն բան հիշեց և անմեղ երեխայի նման հեկեկալով ընկավ բարձի վերա։

Նունեի համար ամեն բան պարզվեց այժմ։ Բայց նա զարմացավ, թե ո՞ր անմիտը կամ անգութն էր մի այդպիսի հեռագիր ուղարկել... Մի՞թե կարելի էր մի այդպիսի սոսկալի հեռագիր ուղարկել որդուն... Եվ նա հասկացավ, թե մինչև ո՞ր աստիճան տանջվելիս պիտի լինի յուր սիրելին. չէ՞ որ նրա տանջանքն և յուր տանջանքն էր, և նա լսելով Սեյրանյանի դառնագին հեկեկանքը, զգաց, որ արտասուքը խեղդում է իրեն էլ։ Սակայն նա զսպեց իրեն, նա հասկացավ, որ այդ ժամանակ ինքը մի փոքր քաջասիրտ պիտի գտնվեր՝ յուր սիրելիին մխիթարելու համար։ Եվ նա սկսեց մխիթարել նրան զանազան քաղցր ու սիրալիր խոսքերով։ Բայց Սեյրանյանի կորուստն այնքան մեծ էր, որ նա չկարողացավ նրան հանգստացնել, մանավանդ որ այդ Սեյրանյանի կյանքում առաջին հարվածն էր:

— Ես չեմ կարող ապրել... Ես ո՜րբ եմ,— կրկնում էր նա. անդադար դառն արտասուք թափելով։

— Հանգստացի՛ր, Գրիգոր, հանգստացի՛ր,— սիրտ էր տալիս նրան Նունեն,— դու տակավին որբ չես. ես այստեղ եմ... Եվ ի՞նչ կարող ես անել ճակատագրիդ դեմ... Դու տղամարդ ես, այդպես թուլասիրտ մի լինիլ... Արիացի՛ր, Գրիգորս... արտասուքը միայն կանայք են թափում։

Սեյրանյանն ամաչեց այդ խոսքերից և սրբեց արտասուքը։

— Ահա այդպե՛ս, Գրիգորս... Մի՞թե դու չես հասկանում, որ հուսահատությունը լավ չէ, որ մարդս հուսահատության երբեք անձնատուր չպիտի լինի, ապա թե ոչ նա կորած է... Եվ ինչի՞ դու չես կամենում ճանաչել կյանքը, հաշտվել նրա ձախորդությունների հետ... և ո՞ր մի մահկանացուն ազատ է դրանից։ Կռվի՛ր, Գրիգոր, կյանքի ձախորդությունների դեմ, կռվիր անվեհեր, հաստատակամությամբ և հավատացիր, որ հաղթանակը քոնը կլինի...