Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Այս էջը հաստատված է

նրան այլևս երբեք չէր տեսնիլ։ Սեյրանյանը լսելով նրա հեծկլտանքը և միևնույն ժամանակ մտաբերելով յուր անցյալը, չկարողացավ իրեն զսպել և ինքն էլ անմեղ երեխայի նման սկսեց լալ։

Տակավին երկար գրկախառնված, նրանք հեծկլտում էին ամեն ինչ մոռացած — երբ վերջապես սաստիկ քամին սուլելով անձրևի հետ ներս թափանցեց բաց դռնից և սթափեցրեց նրանց:

— Ե՜կ, իմ կյանքս, իմ հոգիս, իմ հրեշտակս... Ե՜կ, նստիր այստեղ,— ասաց Սեյրանյանը և գրկելով բոլորովին ույժից ընկած օրիորդին, նստեցրեց մահճակալի վերա, իսկ ինքը փակեց դուռը։— Օ՜, որքան բան ունիմ ես քեզ ասելու, քեզնից հարցնելու, անգին իմ Նունե,— խոսեց նա դարձյալ՝ նստելով օրիորդի կողքին և բռնելով նրա դողդոջուն, քնքուշ ձեռքերը։— Բայց դու կմրսես, հրեշտակս. դու բոյորովին թրջվել ես... Սպասիր, իսկույն վերարկուս ծածկեմ.— և դարձյալ վեր կացավ տեղից, վերցրեց պատից կախած յուր հին վերարկուն և գորովագութ մոր նման գցեց օրիորդի թեթև կերպով ցնցվող ուսերի վերա։— Այսպես այժմ դու կտաքանաս,— սկսեց նա դարձյալ նստելով նրա կողքին։— Այժմ ասա՜, հրեշտակս, դու ի՞նչ գիտեիր, թե ես այստեղ եմ...

— Գրիգո՛ր, մի՞թե ես եկել եմ քո այդպիսի չնչին հարցերին պատասխանելու... բավական է, որ ես դարձյալ քեզ հետ խոսում եմ...

Մռայլ երիտասարդի աչքերը փայլեցին ուրախությամբ, և նա համբույրներով ծածկեց օրիորդի նիհար, քնքուշ, սպիտակ ձեռքերը։

— Անգին Նունե, գիտե՞ս, թե ո՛րպիսի երջանկություն են պատճառում թշվառիս քո այդ խոսքերը,— բացականչեց նա ոգևորված։— Բայց ինչի՞ չիմանամ, հոգիս, թե դու ինչպես այս կեսգիշերին և այն էլ մի այսպիսի սարսափելի եղանակին կարողացար ինձ մոտ գալ... Դու ի՞նչ գիտեիր, որ ես եկել եմ և այս սենյակումն եմ բնակվում։

— Ա՜խ, Գրիգոր. մի՞թե այդ դժվար է սիրող սրտի համար... Ես քեզ բոլորը կպատմեմ. բայց թող դեռ նայեմ քո դեմքին. չէ՞ որ ամբողջ մի երկար տարի ես քեզ չեմ տեսել։ — Եվ նա ձեռքերը գնելով երիտասարդի ուսերի վերա, անհագ