Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Այս էջը հաստատված է

կերպով նայում էր նրա մեծ, կրակոտ աչքերին, որոնք այդ րոպեին փայլում էին անհուն երջանկությամբ։— Քո դեմքից ես գուշակում եմ, Գրիգոր, թե որքան վիշտ ու կարոտություն պիտի կրած լինիս, բայց, այնուամենայնիվ, քո աչքերը նույնն են մնացել...

— Իսկ դու թեև ավելի գունատվել ես ու նիհարել՝ բայց սովորականից ավելի գեղեցկացել և ավելի քնքշացել ես,— և նրանք դարձյալ ջերմագին գրկախառնվեցան։— Պատմի՛ր, պատմի՛ր, պատմիր, հրեշտակս, թե ինչպե՞ս անցրիր դու այս չարագուշակ տարին,— ասաց դարձյալ Սեյրանյանը, վերջապես բաց թողնելով նրան։— Երևում է, որ դու շատ ես տանջվել։

— Այո՛, Գրիգո՛ր, ես շատ, խիստ շատ տանջվեցի այս մի տարվա մեջ, քո բացակայության միջոցին,— սկսեց օրիորդը խոր հոգոց հանելով։— Բավական չէր, որ քեզ այն սոսկալի դժբախտությունը պատահեց, իմ անգութ հայրս էյ քեզ այնպես անարգանքով վռնդեց մեր տանից։ Եվ այդ բոլորը մի այնպիսի սարսափելի վշտի մեջ էր ձգել ինձ, որ ես մինչև այժմ վաղուց արդեն մեռած կլինեի, եթե քո սերը, քեզ կրկին տեսնելու հույսս քաջություն չէին ներշնչել ինձ։ Քո կարոտդ մի կողմից տանջում էր ինձ, իսկ մյուս կողմից էլ իմ անգութ հայրս, այն չարագուշակ օրից հետո, ինձ մի րոպե անգամ հանգստություն չէր տալիս, ի՜նչ անասելի անարգանք ու անվայել խոսքեր ասես, որ նա իմ գլխիս չէր թափում... Որքան էլ քաջասրտություն ունենայի, Գրիգոր, որքան էլ նրա այդ խոսքերը ոչնչի տեղ չդնեի, բայց, այնուամենայնիվ, ես կին էի— մի թույլ, զգացող արարած, ես դիմանալ չէի կարող այս բոլորին— և ես վերջապես, գրեթե մերձ ի մահ հիվանդացա... Այդ Ժամանակվանից միայն իմ անգութ հայրս լռեց, այդ ժամանակ միայն նա հասկացավ, որ ինձ հետ շատ խիստ ու անխիղճ կերպով էր վարվում. և երբ ես առողջացա, այնուհետև նա ինձ մինչև օրս էլ ոչ մի անվայել խոսք չի ասել, մինչև անգամ մեր սիրո մասին ոչինչ չի հիշեցրել և ինձ հետ միշտ քաղցրությամբ է վարվել, իսկ մայրս, որ ինձ միշտ պաշտպանում էր, այժմ էլ ինձ սրբի տեղ պաշտում է... Եվ չնայելով, որ ես առողջացա, բայց մեր սիրո ցավը սարսափելի կերպով կրծում էր սիրտս, մանավանդ որ քեզնից ոչ մի