Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/310

Այս էջը հաստատված է

լուր չէի ստանում... Ամեն օր, ամեն օր, ամեն րոպե իմ միտքս միշտ և միշտ քեզ մոտ էր։ Ավելորդ է ասելը, թե ինչպես անցրի ես այս ամբողջ երկար տարին... Ես հույս ունեի, որ դարձյալ քեզ կտեսնեմ և այդ հույսս իրագործվեցավ սրանից երեք օր առաջ երեկոյան, երբ դու այնպես շտապով անցնում էիր մեր տան առջևով: Ես այդ րոպեին մեր պատշգամբումն էի, և միտքս ամբողջապես դարձյալ դու էիր պաշարել։ Ես հիշում էի մեր անցյալը, մեր քաղցր անցյալը, երևակայում էի քո վիճակը, և, ո՞վ գիտե, թե ինչեր էի մտածում քեզ վերա, ես վերջապես չկարողացա ինձ զսպել և լաց եղա... Օ, Գրիգոր, դու չես կարող երևակայել, որքան ծանրություն էի զգում առանց քեզ... Ես տեսա քեզ անցնելիս մեր պատշգամբի տակով, իսկույն ճանաչեցի քեզ և այդ ժամանակ չգիտեմ, թե հանկարծ ինչ պատահեցավ ինձ, միայն ակամայից մի ճիչ արձակեցի և ընկա ուշաթափ... ինձ ուշքի բերին և երբ ուշաթափվելուս պատճառն հարցրին, ես պատասխանեցի, որ գլխիս վերա հանկարծ մի ինչ-որ սաստիկ ցավ զգացի, որին իբր թե չկարողացա դիմանալ։ Այնուհեաև ամբողջ երեք օր ես մի վայրկյան անգամ հանգստություն չունեի... վերջապես ես վճռեցի անպատճառ տեսնվել քեզ հետ, ես այլևս չէի կարողանում համբերել։ Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս իմանայի, թե դու որտեղ ես բնակում,— այդ միտքն ինձ հուսահատեցնում էր... Երեկ երեկոյան ես դարձյալ մեր պատշգամբումն էի, և աչքերս ակամայից քեզ էին որոնում, իսկ ներսից կարծես մեկն ասում էր, որ դու պիտի անցնես այն կողմովն, և իրավ որ ես տեսա քեզ վերևից շտապով գալիս, դու այնպես էիր անցնում, որ կարծես քեզ ոչինչ չէր հետաքրքրում. մինչև անգամ չէիր նայում մեր պատշգամբին։ Իսկույն ես ներս գնացի, գլխարկս ծածկեցի, ներքև վազեցի, և առանց աչքս հեռացնելու, հեռվից սկսեցի հետևել քեզ մինչև այստեղ— սենյակդ։ Օ՜, Գրիգոր, ես պատրաստ էի այդ ժամանակ ներս ընկնել քեզ մոտ, եթե միայն... չամաչեի և երկյուղ չկրեի ուրիշներից... Բայց ես խո իմանում էի քո բնակությանդ տեղը, ուրիչ ի՞նչ էր հարկավոր ինձ այլևս... սակայն դարձյալ մի միտք ինձ անհանգստացնում էր, այն՝ թե ի՞նչպես և ե՞րբ տեսնվեի քեզ հետ։ Շատ մտածելուց հետո վերջապես վճռեցի հենց այս գիշեր անպատճառ գալ