Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Այս էջը հաստատված է

էին թշվառիս վերա, ինձ մի տեսակ անտանելի, հուսահատական դրության մեջ էին ձգել, այնպես որ ես այժմ զարմանում եմ, թե ինչպես եղավ, որ չխելագարվեցի... կյանքը ինձ համար այնքան անտանելի էր, որ մինչև իսկ մի քանի անգամ մտադրվեցի ինքնասպանություն գործել, բայց այդ առավել ևս սարսափելի էր թվում ինձ, երբ մտածում էի դրա բոլոր հետևանքների մասին։

— Ո՛չ,— մտածում էի ես՝ հիշելով քո խոսքերը,— Նունեն ուղիղ էր ասում, ավելի լավ է կռվել կյանքի դառնությունների դեմ, և հաղթանակը գուցե իմ կողմը լինի... չէ՞ որ ես մարդ եմ, այլ խոսքերով — ամենաուժեղը բոլոր արարածների մեջ... Ամեն բան պետք է փորձել: Այդ խոսքերն անպայման դրոշմված են յուրաքանչյուրիս վերա — այդպես է կյանքը, այդպես է մարդկությունը... Խո՛ հավիտյան չեմ տանջվիլ... երևի մի օր ինձ համար դարձյալ պայծառ օր կփայլե... Եվ այդ խրախուսանքն ինձ սիրտ էր տալիս, այդպիսի մտածմունքներից հետո իմ անտանելի վիշտս փոքր-ինչ թեթևանում էր»:

Նա լռեց և ձեռքը մի քանի անգամ անցրեց իր երկար մազերի միջով։ Նրա բոլոր այդ պատմության ժամանակ Նունեն ձեռքը փաթաթել էր նրա պարանոցովը և յուր գեղեցիկ գլուխը դրած նրա ուսին՝ մեծ կարեկցությամբ նայում էր նրա թախծալից դեմքին և աչքերին։

— Ես քեզ մի քանի անգամ ասել էի, սիրելիս,— շարունակեց նա փոքր-ինչ հանգստանալուց հետո,— որ համալսարան պիտի գնամ՝ ուսումս շարունակելու։ Հասկանալի է, որ այդ խափանվեցավ. դրա համար փող էր հարկավոր, իսկ ես դեռ գյուղումը հազիվ էի կարողանում կառավարվել... Ո՞ւմ դիմեի, ոչ ոք չկար. և եթե ունենայի էլ մի այդպիսի ազգական կամ, ինչպես ասում են, բարեկամ, ո՞վ է գժվել այս ժամանակին մի որևիցե ինձ նման աղքատին օգնելու... Ես ո՛չ մի կերպ չէի կամենում այստեղ — քաղաք իջնել։ Քաղաքում ապրելն ինձ համար որքան անկարելի, նույնքան և անտանելի պիտի լիներ, ավելի այն պատճառով իհարկե, որ պիտի ապրեի քեզ մոտ, բայց քեզ հետ տեսնվելը, խոսելը մինչև անգամ ողջունելը արգելված պիտի լիներ... Քեզ վերա ունեցած բոլոր հույսս դեռ այն ժամանակվանից կտրեցի, երբ քո