Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Այս էջը հաստատված է

հայրն այնպես խիստ անարգանքով և կյանքիս դեմ սպառնանք կարդալով վռնդեց ձեր տնից։ Եվ այդ պատճառով ես մի տարի շարունակ մեր գյուղում մնացի։ Այդ միջոցին ես ամեն կերպ աշխատում էի քեզ մոռանալ, ճնշել, մեռցնել իմ մեջ այն սարսափելի կերպով կեղեքող զգացմունքը, որ ես տածում էի դեպի քեզ. բայց՝ անգի՛ն իմ Նունե, մի՞թե այդ կարելի էր... մի՞թե կարելի է սոսկալի հրդեհը փչելով հանգցնել...

Շատ անգամ նստած մենակ, ես դառնությամբ մտածում էի իմ անհոգ անցյալի վերա, երբ մի տարի առաջ ես ապրում էի քեզ հետ միասին, երբ մենք սիրում էինք միմյանց ազատ, խոսում, դատում, վիճաբանում էինք, երբ երջանիկ էինք բառիս բուն նշանակությամբ, և այդ մտածմունքը, այդ դառն մտածմունքը ավելի ու ավելի կրկնապատկում էր իմ վիշտը... Որ կողմս նայում էի— ամենուրեք գերեզմանական լռություն... չունեի գոնե մի բարեկամ, մի մտերիմ ընկեր, որ այդպիսի ժամանակներում ինձ մի քանի մխիթարական խոսքեր ասեր, չկայիր դու, անգի՛ն իմ Նունե, որ քո այդ քաղցր, սփոփիչ լեզվով թեթևացնեիր իմ անտանելի վիշտս և իմ մեջ նոր հույս, նոր եռանդ ներշնչեիր... Եվ այդպիսի ժամանակներում ես ճարահատյալ անձնատուր էի լինում լացին, ես դառն արտասուք էի թափում, և իմ այդ արտասուքս վերջ չէր ունենում։

— Այս թուլասրտությո՜ւն է,— ասացի վերջապես ինքս ինձ և այնուհետև ամբողջ մի տարի ես միայն գրքերին անձնատուր եղա։ Այդ բոլոր ժամանակ ես կառավարվում էի մեր փոքրիկ կալվածքից ստացած փողով, որ շատ աժան գնով ծախեցի։ Այնուհետև չգիտեի, թե ի՞նչ պիտի անեմ... Ես մի որոշյալ ապագայի հույս չունեի և ամեն բան բախտի բերմունքին էի թողել— թո՛ղ ճակատագիրս կատարվի,— անդադար կրկնում էի ես։

Մի անգամ, այսինքն սրանից երկու շաբաթ առաջ, Պետերբուրգից ես մի նամակ ստացա, որ իմ դասընկերիցս էր։ Ես ու նա միասին պիտի գնայինք համալսարան, նա գնաց Պետերբուրգ, իսկ ինձ պատահած դժբախտության պատճառով ես մնացի։ Նա գրում էր յուր նամակում, որ լսել է իմ դժբախտությունս, այսինքն իմ բոլորովին աղքատանալս, և