Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Այս էջը հաստատված է

— Աստված իմ, դու լալի՞ս ես, Գրիգոր,— կանչեց օրիորդը նրա ձեռքերը բռնելով։

— Ես ամաչում եմ...— շշնջաց Սեյրանյանը։

— Օ՜, նրա համար, որ ես կամենում եմ քեզ օգնե՞լ...

Եվ օրիորդը ջերմագին գրկեց նրան։

— Սեմի՛տ, չէ՞ որ ես քեզ սիրում եմ,— շշնջաց նա նրա ականջին։

Երիտասարդը յուր գլուխը սեղմեց նրա կրծքին, նրանք այդպես անշարժ մնացին երկար։

Վերջապես հանկարծ օրիորդը բաց թողեց նրան և վեր կացավ տեղից։

— Ես ուշացա,— ասաց նա,— ո՛վ գիտե լուսանում է...

Եվ նա դիմեց դեպի դուռը։

— Սպասի՛ր, մենակ խո՞ չես կարող գնալ,— կանչեց Սեյրանյանն և վեր թռչելով տեղից, շտապով ծածկեց գլխարկը, վերցրեց անկյունից հաստ ձեռնափայտը, և երկուսով դուրս գնացին։

Անձրևը վաղուց արդեն դադարել էր, և քամին հանդարտվել. երկնքում պլպլում էին անթիվ աստղեր, իսկ հեռու արևելքում արշալույսը նոր-նոր սկսել էր բացվել։ Փողոցում բոլորովին ցեխ չկար. հեղեղանման անձրևը քշել, տարել էր յուր ջրերի հետ հողն ու աղբը, և այժմ գիշերային մթության մեջ սպիտակին էին տալիս քաղաքի քարած փողոցները։ Փողոցներում մարդ չէր երևում։ Նրանք կամաց խոսելով առաջ էին գնում։

— Այժմ ձեր բակի դուռը բա՞ց կլինի, հանկարծ անհանգստությամբ հարցրեց Սեյրանյանը։

— Դու չգիտե՞ս, որ մեր բակի դուռը գիշեր-ցերեկ բաց է լինում,— պատասխանեց օրիորդը։

Նրանք հասան աղա Յագոր Բուղդանիչի տան բակի դռներին։

— Առ քո վերարկուդ, Գրիգոր,— ասաց օրիորդը և վերարկուն, որ մինչև այդ ժամանակ յուր ուսերին էր ծածկել, գցեց Սեյրանյանի ուսերին։— Բարի՛ գիշեր, Գրիգոր... մինչև վաղը...