Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Այս էջը հաստատված է

— Բարի գիշեր, իմ հրեշտա՛կս,— շշնջաց երիտասարդը և ջերմ կերպով համբուրեց նրա ձեռքը։

Օրիորդը անհետացավ իրենց բակի դռներից ներս, իսկ Սեյրանյանը, կարծես վերածնված, վերադարձավ յուր խուցը։

-----

Ամառը երբեմն եղանակը մի քանի օր շարունակ միևնույն ժամերին միանման է լինում։ Զարմանալի չէ ուրեմն, որ հետևյալ գիշերն էլ եղանակն շատ վատ էր, անձրև էր գալիս և սարսափելի որոտում։

Սեյրանյանն անհանգստությամբ սպասում էր Նունեի գալուն։ Նա շուտ֊շուտ դուրս էր նայում, բայց տակավին Նունեն չկար։ Հազար ու մի չար մտքեր ալեկոծում էին նրա սիրտը, եթե օրիորդին մի բան պատահելու լինի, ո՞վ կլինի մեղավորը, ո՞վ կլինի պատճառը... Նա անիծեց իր ծնունդը, հագավ վերարկուն և անկյունից վերցնելով յուր հաստ ձեռնափայտը, դուրս գնաց շտապով։ Արդեն ժամի տասնմեկն էր խփում քաղաքային ժամացույցը, անձրևը շարունակ շփշփում էր, պեծին-պեծին էր տալիս, փողոցներում դարձյալ մարդ չէր երևում, միայն մի քանի կառքեր գլուխները ծածկած անցնում էին գռգռալով։

Սեյրանյանը շտապ քայլերով գնում էր դեպի աղա Յագոր Բուղդանիչի տան կողմը, նա վճռել էր գնալ և սպասել Նունեին նրանց դռների մոտ։ Բայց ահա հեռվից ով որ շտապով գալիս էր դեպի նա։ Նրանք մոտեցան, և Սեյրանյանը ճանաչեց նրան։

— Նունե՛,— կանչեց նա ուրախությամբ։

— Այդ դո՞ւ ես, Գրիգոր, կարծեցի, թե ավազակ ես... գնանք շուտով։

Եվ նրանք ծիծաղելով ձեռք֊ձեռքի տվին և գրեթե շարունակ վազելով, հասան մեզ ծանոթ խուցը։

— Ես քո մասին սկսել էի շատ անհանգիստ լինել, հրեշտակս,— ասաց Սեյրանյանը՝ դուռը փակելուց հետո նստելով օրիորդի կողքին, որ արդեն մտնելուն պես վերայի շալը մի կողմն էր ձգել և ժպիտը դեմքին մահճակալի վերա նստել։

— Ես կարծում էի, թե ձեր տանը իմացել են։

— Օ՜, ոչ,— կանչեց ուրախ ծիծաղելով օրիորդը,— երեկ գիշեր, որ այստեղից վերադարձա տուն, ոչ ոք ոչինչ չլսեց։