Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Այս էջը հաստատված է

Ես կամաց մտա սենյակս, և որպեսզի ծնողներս չիմանային, որ ես գիշերով դուրսն եմ եղել, իսկույն ևեթ շորերս փռեցի, և մինչև առավոտն արդեն ցամաքել էին, և բացի այդ ես հին շորերս ունեի հագած, ահա այս. իսկ տանն հագնելու շորս ուրիշ է... Բայց այս գիշեր իմ ուշանալուս պատճառն այն էր, որ հայրս երեկվանից մի փոքր ուշ քնեց, նա դարձյալ արբած էր... խմելը նրա համար արդեն բնավորություն է դարձել, դու այդ գիտես... Ամեն կողմից դարձյալ ինձ հաջողություն էին խոստանում... Տեսնո՞ւմ ես, Գրիգոր, բնությունն անգամ մեր կողմն է, չնայելով որ մի լավ էլ թրջվեցինք։

Եվ դարձյալ ուրախ կերպով ծիծաղեց, իսկ Սեյրանյանն անհագ կերպով նայում էր նրա քնքուշ, չքնաղ դեմքին և միայն ժպտում էր։

— Այս ի՜նչ վատ սենյակում ես ապրում, Գրիգոր,— խոսեց դարձյալ օրիորդը՝ չորս կողմն ակնարկ ձգելուց հետո։— Երեկ գիշեր ես այնպես հափշտակված էի քեզ վերստին գտնելովս, որ բոլորովին չնկատեցի, թե քո սենյակն այսպես մութ, խոնավ, աղքատ է... չէ՞ որ դու այստեղ կհիվանդանաս։

— Ի՞Նչ կարող եմ անել, սիրելիս, դեռ սրա վարձն էլ հազիվ կարողացա վճարել, ո՞ւր մնաց որ սրանից լավ սենյակում ապրեի...

— Ամսական ի՞նչ ես վճարում։

— Երկու ռուբլի։

— Իսկ մինչև օրս ինչո՞վ էիր կառավարվում։

— Մի քանի ռուբլի ունեի, այն էլ այս մի քանի օրերս հատավ։

— Հետո ի՞նչ պիտի անեիր։

— Աստված գիտե...

— Ճաշելիս ի՞նչ ես ուտում։

— Միայն ցամաք հաց։

— Թեյ խմո՞ւմ ես։

— Այդ քանի՜ ժամանակ է, ինչ ես թեյի երես չեմ տեսել։— Նրա ձայնը դողաց, և նա աչքերը վայր թողեց։

— Խե՛ղճ, անբախտ իմ Գրիգոր,— մեծ կարեկցությամբ խոսեց օրիորդը՝ գրկելով նրա պարանոցը։— Ո՜րպես մարդուս բախտը փոփոխական է, տեսնո՞ւմ ես — մեկն այսօր