Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Այս էջը հաստատված է

որ միաժամանակ բացորոշ ցույց էր տալիս, որ նա արդեն և ակամայից հաշտվել էր յուր դրության հետ։ Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը վկայում էր, որ վիշտն ու թշվառությունը մի անգամից բույն էին դրել նրա մեջ։

Նա երկար չկարողացավ կանգնած մնալ. նրա թույլ ոտները դողացին, և նա անշուշտ վայր կընկներ, եթե բարեբախտաբար, պատուհանի մոտ մի բազկաթոռ չլիներ, որի վերա նա կամաց նստավ։ Նա ետ ընկավ բազկաթոռի մեջքի վերա, աչքերը փակեց և երկար ժամանակ նրա բոլոր ուշադրությունը կարծես լարված էր դեպի այգու նվագող մի ինչ֊որ տխուր մեղեդին, որի հնչյունները բաց պատուհաններից ներս էին թափանցում սենյակը։ Այդ մեղեդին կարծես մի ողբ էր, որ դուրս էր թռչում բազմավիշտ, վշտաբեկ սրտի ամենախորին տեղերից։

Մեղեդին լռեց, բայց կինը տակավին նստած էր նույն անշարժ դրության մեջ։ Նա քնած չէր. դեռ երկար նրա ականջներում հնչում էին տխուր մեղեդիի սրտաշարժ ելևէջները, և նրա միտքը թռած էր դեպի հեռուն... Վերջապես նա բացեց աչքերը և նստեց ուղիղ. նրա դեմքը ավելի դեղնած, ավելի խռովված էր։ Նա մի կերպ վեր կացավ և հազիվհազ մոտենալով սեղանին, դարձյալ նստավ յուր առաջվա տեղը. նա վերցրեց գրիչը, և կամենում էր շարունակել յուր դրությունը, բայց երևի նրա ուժերը բոլորովին սպառվել էին, որովհետև գրիչը դարձյալ վայր ընկավ ձեռքից։

Հանկարծ նա մի տեսակ անհանգիստ շարժում գործեց և ձեռքը մոտեցնելով սեղանի վերա դրված հնչակին, հնչեցրեց նրան։ Իսկույն դուռը բացվեցավ, և ներս մտավ մի ջահել աղախին։

— Բժիշկ,— հազիվ լսելի ձայնով դարձավ դեպի նա հիվանդ կինը։

Աղախինը իսկույն դուրս գնաց։

Հիվանդ կինը դարձյալ մի քանի րոպե մնաց անշարժ բազկաթոռի մեջ. հետո վեր կացավ տեղից և այս անգամ ույժից բոլորովին ընկած՝ հազիվհազ քարշ ընկավ դեպի մահճակալը, որ դրված էր պատի մոտ և որի վերա հստակ