Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Այս էջը հաստատված է

անկողին էր գցած մի քանի փափուկ, սպիտակ բարձերով, նա զգուշությամբ երեսն ի վեր պառկեց անկողնի վերա։ Նա ձեռքը տարավ ծոցը, հանեց մի ինչ֊որ լուսանկար պատկեր և երկար ժամանակ նայում էր նրան։ Նրա դժգույն շրթունքները բաց ու խուփ էին լինում, բայց ոչ մի խոսք չէր լսվում. նա կարծես լուռ խոսում էր նույնպես լուռ պատկերի հետ։ Վերջապես պատկերը վայր ընկավ նրա ձեռքից և թաքնվեցավ նրա կրծքի մեջ. աչքերը փակվեցան, և նրա կուրծքը աննկատելի կերպով բարձրանում էր ու ցածրանում։

Չանցավ տասը րոպե, և ահա հայտնվեցավ աղախինը բժշկի հետ։ Բժիշկը բարձրահասակ, բավական գեզեցկատեսիլ, բայց գունատ և տխուր դեմքով մոտ քսանևութամյա երիտասարդ էր։ Հենց առաջին հայացքից երևում էր, որ նա ծանրաբարո, խելացի և շատ բարի մարդ է։

Նա մոտեցավ հիվանդին, հիվանդն անշարժ էր։ Նա նայեց հիվանդի դեմքին և սաստիկ ցնցվելով, ակամայից ետ ու ետ գնաց։ Աչքերը չռած և դողալով, նա նայում էր խելագարի նման հիվանդի դեմքին. կարծես նրա աչքերի առաջ մի չտեսնված, մի գերբնական բան էր երևում... Վերջապես նա դարձյալ մոտեցավ հիվանդի մահճակալին և գոռաց մի այնպիսի ձայնով, որ անկարելի է բառերով արտահայտել։

— Նունե՜...

Հիվանդ կինը, որ մինչև այդ ժամանակ՝ աչքերը գոց՝ ըստ երևույթին ոչինչ չէր իմանում, այդ ձայնը լսելուն պես մի այնպիսի շարժում գործեց, որ կարծես հիվանդ չլիներ. և իսկույնևեթ բացեց աչքերը, նրա մեռած հայացքն ընկավ բժշկի խռովված դեմքին, նրա դժգույն շրթունքների վերա նրանից անսպասելի մի ժպիտ փայլեց և հիվանդին վայել ուրախ, բայց խիստ նվազ ձայնով շշնջաց.

— Ա՜խ, Գրիգոր...

Եվ նա պարզեց դեպի նա յուր ոսկրացած ձեռքը։

Զ

Գրիգոր Սեյրանյանը, ինչպես մենք արդեն ասացինք, գնաց Պետերբուրգ Նունեի տված գումարով։ Նա մտավ այնտեղ համալսարան։ Մենք երկար և բարակ չենք խոսիլ նրա