հինգ տարի այնտեղ վարած կյանքի մասին, այսքանս միայն կասենք, որ նա մինչև ավարտելը բնակում էր յուր ընկերոջ մոտ, որ կանչել էր նրան նամակով և առաջարկել էր յուր օգնությունը։ Նա ամբողջ հինգ տարի ապրում էր յուր ընկերոջ ծախքով և Նունեի երբեմն-երբեմն ուղարկած փողով։ Նրանք շատ հասարակ կյանք էին վարում, ինչպես այդ վայել է աղքատ և համեստ ուսանողներին։ Անհուն երախտագիտությամբ լցված էր Սեյրանյանի սիրտը դեպի յուր մեծահոգի ընկերը և Նունեն, որոնց միայն նա պարտական էր յուր ներկա վիճակով և պարտական պիտի մնար միանգամայն մինչև յուր վերջին շունչը, որովհետև դրանք միայն հանեցին նրան այն նեղ անտանելի դրությունից, որից դուրս գալու համար, բացի մահը, նա ուրիշ ելք չպիտի ունենար, և դրանք էին միայն այժմ նրա միակ բարեկամ ու խնամատարները։
Սեյրանյանի և Նունեի մեջ անընդհատ նամակագրություն կար։
Ինչպես Սեյրանյանը, նույնպես և նրա ընկերն ընտրել էին բժշկական մասնաճյուղը։
Նրանց նպատակը մեկ էր՝ գործել հայրենիքում։ Ամառվա արձակուրդներին նրանք չէին վերադառնում, որովհետև ճանապարհածախսի համար ահագին գումարներ էին հարկավոր, իսկ նրանք աղքատ էին։ Ավելորդ է ասել, թե ինչպես ցանկանում էր Սեյրանյանը տեսնվել յուր սիրելիի հետ։
Ընկերը Սեյրանյանից մի տարով առաջ ավարտեց, որովհետև նրանից մի տարիով առաջ էր մտել համալսարան։ Ավարտելուն պես նա գնաց յուր հայրենիքը և Սեյրանյանին խոստացավ, որ այնտեղից մինչև նրա ավարտելը, ապրուստի փող կուղարկի, և, որը համաձայն յուր խոստման, կատարում էր ճշտությամբ, բայց իհարկե այնքան, որքան յուր աղքատ միջոցներն էին ներում։ Նունեից նույնպես Սեյրանյանը ստանում էր փող։
Հասավ և Սեյրանյանի ավարտելու ժամանակը։ Նա վերջնական քննությունը տվավ յուր մասնագիտության մեջ և ստացավ բժշկի դիպլոմը։ Ավելորդ է ասել, թե որպիսի ուրախությամբ պիտի հայտներ այդ և դրա համար յուր շնորհակալությունն յուր երկու բարեկամներին — Նունեին և ընկերոջը