Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Այս էջը հաստատված է

Առաջինին նա կամեցավ յուր բերանով հայտնել այդ ուրախ լուրը, իսկ երկրորդին հեռագրեց իսկույն։ Նրա ընկերը այդ ժամանակ գտնվում էր մեր հիշած ամառանացում. նա շատ ուրախացավ Սեյրանյանի ավարտելու լուրը լսելով և անհապաղ ճանապարհածախս ուղարկեց նրան ու խնդրեց, որ Թիֆլիսից անցնելու միջոցին իրեն էլ հանդիպի։

Սեյրանյանր վաղուց էլ այդպես էր մտադիր անելու։ Նա ճանապարհ ընկավ և նախքան Թիֆլիս գնալը, նա անցավ ամառանոցի կողմը, որ գտնվում էր յուր ճանապարհի վերա, նրան մեծ ուրախությամբ հանդիպեց ընկերը և խնդրեց նրանից, որ մի քանի օր յուր մոտ մնա, Սեյրանյանը չէր կարող յուր խնամատար-բարեկամի խնդիրը մերժել, թեպետև նա խիստ ցանկանում էր շուտով տեսնվել Նունեի հետ։ Նա համաձայնվեցավ երեք օր մնալ նրա մոտ։

Չնայելով, որ Սեյրանյանի ընկերը նորավարտ բժիշկ էր, բայց յուր խելքով, հմտությամբ և չափից դուրս բարի բնավորությամբ մեծ անուն էր հանել ամբողջ ամառանոցում։

Մի օր էր անցել, ինչ Սեյրանյանը ամառանոցումն էր գտնվում։ Երեկո էր, հիանալի, սքանչելի երեկո։ Ընկերը հիվանդի այցելության էր գնացել, Սեյրանյանը տանը մենակ նստած՝ մտածում էր Նունեի վերա... Ո՜րպիսի անհամբերությամբ նա սպասում էր այդ երկու երկար օրերի վերջանալուն... Որպիսի երջանկությամբ և միևնույն ժամանակ երախտագետ սրտով նա պիտի ընկներ յուր նազելի Նունեի առաջ և անկեղծ սրտից դուրս պիտի բխեր յուր անսահման շնորհակալության հավաստիքը... Նա կարծում էր, որ անցել է արդեն յուր տանջանքների, թշվառության ժամանակը և այնուհետև բախտը նորից պիտի ժպտար նրան... Եվ նա հիշում էր Նունեի խոսքերը. «Այո՛, Գրիգոր, գյուղը քաղցր է... ինչո՞ւ ես էլ գեղջկուհի չեմ ծնված... ես էլ կօգնեի... ես էլ կգործեի... քեz հետ... միասին»... Սեյրանյանը հիշեց և՛ նրա վերջին խոսքերը, որ ասաց նա հինգ տարի առաջ՝ անջատման րոպեին. «Եթե կենդանի մնացինք, մենք դարձյալ կտեսնվենք և... և... այնուհետև արդեն երջանիկ կլինենք...»։

— Սիրելի՛ս...— ակամայից դուրս թռավ ինքնամոռացության մեջ ընկած Սեյրանյանի բերանից և նույն րոպեին