Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Այս էջը հաստատված է

— Դու այս չէի՞ք սպասում, չէ՞, Գրիգոր,— ասաց հիվանդը կտրատված ձայնով և հազիվ բառերը արտասանելով։

— Ես մի րոպե, մի վայրկյան անգամ կարծել... երևակայել չէի կարող, որ դու երբևիցե այդ դրության մեջ կարող ես լինել, անգի՛ն իմ Նունե... Դու այդ մասին ինձ ոչինչ չէիր գրում... Իսկ ես նկատում եմ, որ դու վաղուց ի վեր տանջվում ես այդ ցավով... Բայց ինչի՞, ինչի՞ էիր լռում այդ մասին, անգի՛ն իմ Նունե...

Հիվանդը դարձյալ ժպտաց։ Նա միշտ նայում էր բժշկի դեմքին։

— Այդ... հետո կիմանաս, Գրիգոր,— ասաց և ձեռքը մեկնելով դեպի սեղանն, ավելացրեց,— այնտեղ թուղթ կա... վերցրու և պահիր... տանը կկարդաս և... ամեն ինչ կիմանաս... գնա, վերցրու։

Սեյրանյանը վեր կացավ, վերցրեց սեղանի վրայից պոստի երկու մեծադիր թերթ, որոնց վերա փոքր-ինչ առաջ գրում էր հիվանդը, և առանց նայելու անգամ նրանց վերա, մեքենայաբար պահեց յուր ծոցում և նստեց դարձյալ յուր առաջվա տեղը։ Նա անպատմելի վշտով նայում էր հիվանդի ներս ընկած և հիվանդությունից ավելի մեծացած աչքերին։

— Ես այդ նամակը... պիտի ուղարկեի քեզ,— խոսեց նորից հիվանդը թույլ և շնչարգել ձայնով,— բայց դրան... վերջացնել չկարողացա... Ես այս առաջին անգամ... ուղարկեցի բժշկի հետևից... որպեսզի... նա ինձ մի այնպիսի դեղ տար, որ... ես փոքր-ինչ... ույժ ստանայի... վերջացնեի այդ նամակը և... ուղարկելով քեզ... այնուհետև հանգիստ մեռնեի... Բայց աստված... այնքան ողորմած է... որ անլսելի չթողեց... իմ աղոթքը... նա ուղարկեց քեզ ինձ մոտ... որպեսզի... վերջին անգամ տեսնեի քեզ... Եվ դու... վերջին գրելու խոսքերս... իմ բերանից լսեիր։

Նա հոգնեց և լռեց։ Սեյրանյանն անհագ կերպով լսում էր նրան։

Մի րոպե սենյակում լռություն տիրեց, որի միջոցին հիվանդը՝ գլուխը կախ, կարծես մի բան էր մտածում։ Հանկարծ նա բարձրացրեց գլուխը և ժպտալով հարցրեց.

— Դու ավարտեցի՞ր, Գրիգոր։