Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Այս էջը հաստատված է

— Այո... բայց ի՞նչ օգուտ... ինչի՞ս է պետք, անգին Նունե։

— Այդ մի ասիր... դու հասար նպատակիդ... ես այժմ երջանիկ եմ... բայց ես ավելի երջանիկ եմ, որ քեզ... այժմ ինձ մոտ եմ տեսնում։ Մոտեցիր ինձ, Գրիգորս։— Սեյրանյանը թեքվեց դեպի նա, և հիվանդը յուր թույլ ձեռքերով փաթաթվեց նրա վզովը։— Օ՜, որքան քաղցր է այս, Գրիգորս... Այս մի րոպեն վարձատրություն է իմ սոսկալի տանջանքներիս... Մի կաթիլ արտասուք, Գրիգոր, և ես... ավա՜ղ, շատ երջանիկ կլինեմ։

Սեյրանյանը ոչ թե մի կաթիլ արտասուք թափեց, այլ լալիս էր դառնապես, նա զգում էր, նա հասկանում էր, թե որքան մեծ, դժվար և անտանելի է այդ կորուստը...

— Այժմ ես ավելի քան հավատում եմ, որ դու ինձ դարձյալ սիրում ես, իմ Գրիգոր...— շշնջաց հիվանդը համբուրելով նրա ճակատը և բաց թողնելով նրան։— Բավական է, Գրիգոր... սրբիր արտասուքդ։

Սեյրանյանը սրբեց յուր արտասուքը։

Հիվանդը կամաց ետ ընկավ բարձի վերա և փոքր֊ինչ լռությունից հետո, նայելով ուղղակի Սեյրանյանի աչքերին, խոսեց բոլորովին նվազ ձայնով.

— Գրիգոր, ինձ շատ քիչ ժամանակ է մնում ապրելու... գուցե, մի քանի րոպե... Ես քեզանից մի բան պիտի խնդրեմ... հուսով եմ, որ դու կկատարես... դու պե՛տք է կատարես...

— Հրամայի՛ր...

— Լսիր։ Երբե՛ք մի հուսահատվիր... ես այդ միշտ քեզ ասել եմ, ասում եմ և այժմս կյանքիս վերջին րոպեներին... Քաջասիրտ եղիր միշտ... իմ մահից հետո ապրի՜ր... հասկանո՞ւմ ես, ապրիր... և ինձ վերա շատ մի՛ մտածիր... մինչև անգամ աշխատիր ինձ մոռանալ... Ախ... այո՛, մոռացիր ինձ, իմ Գրիգոր. որովհետև այդ քեզ համար լավ կլինի... Միևնույն է, մենք միմյանց համար չէինք ծնված... կկատարե՞ս, Գրիգոր։

— Ես կուզեմ քեզ հետ մեռնել...

— Ո՛չ, այդ վատ է, Գրիգոր... դու ինձ չես լսում,— ասաց անբավական ձայնով հիվանդը։— Եթե դու ինձ սիրում