Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Այս էջը հաստատված է

— Հիսուսին ու Քրիստոսին, որդի ջան, շուն ու կատու չկա ըստեղ, աչքիդ ա էրևում,— խաչակնքեց ծերունին։

Բայց Մարթան շարունակ կրկնում էր իր ասածը և, հորը պինդ կպած, սարսափահար աչքերը չէր հեռացնում թախտից:

Ծերունին մի կերպ ազատվեց նրանից, դողդոջուն ձեռքով վերցրեց լամպը, մոտեցավ թախտին, դրեց գետնին, կապերտի փեշը բարձրացրեց և աչք ածեց թախտի տակը։

— Դե դու էլ տես, ըստեղ ո՞ւր ա շուն ու կատու,— ասաց նա, դառնալով աղջկան։

Մարթան, առանց տեղից շարժվելու, ձեռքերը դրած ծնկներին, խոնարհվեց և չռած աչքերով հեռվից նայեց թախտի տակը, ուր բացի կավե կրակարանից, որ նրանք ձմեռը քուրսու տակ էին բանեցնում, փայտ կոտրելու կացնից և ավելից, ուրիշ բան չկար։

— Չկա՞,— հարցրեց նա կամաց ծոր տալով։

— Բա կա՞։ Որ ասում եմ աչքիդ ա էրևացել...

Ծերունին կապերտի փեշն իջեցրեց, լամպը վերցրեց և տարավ դրավ սեղանի վրա։

— Նստի, բալա ջան, նստի։ Մի քիչ սառը ջուր խմի, վախեցած ես։

Նա վերցրեց ջրի թասը, մոտեցավ պատի տակ կիսով չափ գետնի մեջ խրված կարասին, ջուր հանեց և բերավ դրավ աղջկա առջև։

Բայց Մարթան ձեռ էլ չտվավ։ Այժմ հանգստացել էր և նստած էր աչքերը մի կետի հառած, գլուխը ձեռքերի մեջ առած, կարծես աշխատելով մտքերը հավաքել։

— Մեր թախտի տակը չէ,— շշնջաց նա երկար լռությունից հետո,— նրանց թախտի տակը... Խալխը որ քաշվեց, Դարչոյի մերն ասեց ինձ, որ մոզու միս հանեմ թախտի տակիցը, տանեմ գանջինումը պահեմ։ Կռացա, որ հանեմ, տեսնեմ շներն ու կատվանիքը վրա են թափվել քրքրում... Ընե՜նց վախեցա, որ... ընե՜նց վախեցա...

— Ի՞նչ մոզու միս,— հարցրեց ծերունին։

— Դարչոյենք որ պահում ին... Էն մատաղացուն, էլի, որ պըտի տանեին Բոլնըսի ս. Գևորգում մորթեին, որ Դարչոն լավանար։