Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Այս էջը հաստատված է

որքան դառն է իմ սիրտս, որովհետև ես քեզ պիտի բանամ այն գաղտնիքը կամ ավելի լավ ասած, այն ցավալի, ամենադառն իրողությունը, որ այսքան ժամանակ ես մեծ ջանքով ծածկում էի քեզանից... Օ՜, Գրիգո՛ր, ների՛ր, ների՛ր ինձ, իմ այդ գիտակցական հանցանքս, մի՛ հանդիմանիր ինձ, որովհետև ինչ որ էլ ես անում էի, բոլորը քո օգտին էր...

Սակայն նախքան իմ այդ գաղտնիքը բանալս, ես աղերսելով քեզ նախազգուշացնում եմ, որ դու փոքր֊ինչ ավելի քաջասրտություն ունենաս, որ գլխումդ ոչ մի չար միտք չծնես, որովհետև ես գիտեմ, որ այն՝ ինչ որ այժմ պիտի հայտնեմ քեզ, քեզ համար մահու հարված պիտի լինի... O՜, ինչպես կցանկանայի, որ այս նամակը չգրեի, որքան ես ինձ երջանիկ կհամարեի, եթե դու այս մասին ոչինչ չիմանայիր և շարունակեիր քո խաղաղ, հանգիստ կյանքը, բայց մինչև ե՞րբ, անգի՛ն իմ Գրիգո՛ր՝.. չէ՞ որ մի ժամանակ պիտի պարզվի— և այդ ժամանակն ահա՛ հասել է։

Մինչև այժմ, այսինքն այս ամբողջ հինգ, առավելապես այս վերջին տարվա ընթացքում, ես իմ նամակներում քեզ միշտ գրում էի, որ ես ուրախ եմ, որ ես լավ, խաղաղ կյանք եմ վարում, և որ ես անհամբերությամբ քո ուսման ավարտելուն և վերադարձին եմ սպասում, և դու էլ միևնույն կերպ էիր պատասխանում, բայց դու ի՞նչ գիտեիր, ի՞նչ կմտածեիր, անբա՜խտ իմ Գրիգոր, որ իմ քեզ գրածներս լոկ խոսքեր էին, որ ես դրանցով արտահայտում էի իսկական կյանքիս միայն հակապատկերը, որ այգ խոսքերը գրելու ժամանակ, ես ամենադառն արտասուք էի թափում, և իմ սիրտս այդ ժամանակ ամբողջապես թույն էր... Ների՛ր, ների՛ր ինձ, իմ Գրիգոր, մի՞թե դու չես հասկանում, որ երբեք և ոչ մի բանի համար ես չէի կամենալ քո անգութ ճակատագրի հարվածներից նոր ազատված խաղաղ կյանքը նորից վրդովել, նորից թունավորել. ինչ կուզե լիներ, բայց ես կամենում էի, ես ցանկանում էի, որ դու ապրեիր, հասնեիր նպատակիդ... ա՜խ, նպատակիդ... Ես կորած լինելով, չէի կամենում երբեք քո կորստյան պատճառն էլ դառնալ... Օ՜, Գրիգոր, Գրիգոր, գիտե՞ս թե որքան ես նզովել, անիծել եմ (թող ներվի ինձ այդ) այն չարագուշակ րոպեն, երբ առաջին անգամ մենք հանդիպեցանք միմյանց, երբ անողոք ճակատագիրը մոտեցրեց մեզ միմյանց,