Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Այս էջը հաստատված է

մոտեցրեց, որպեսզի այնուհետև թափե մեզ վերա յուր բոլոր թույնը...

Սակայն ժամանակ է պարզելու խոսքերս։

Հենց նույն գիշերը, նույն րոպեին, երբ ես քեզանից բաժանվեցա, կարծես մի բան ներսից ինձ ասում էր, որ մենք այլևս չենք տեսնվիլ և եթե տեսնվենք էլ, ո՞վ գիտե, ինչպես և ինչ դրության մեջ... և, ավա՜ղ, այս վերջին տարին միայն համոզվեցա, թե որքան ճշմարիտ էր այդ դառն նախազգացումը։

Դու գնացիր, Գրիգոր, ես մնացի, բայց աստվա՜ծ իմ որպիսի՜ դատարկություն, որպիսի՜ ամայություն էի զգում ես իմ շուրջս այդ ժամանակ, որպե՜ս դառն էր իմ հոգիս, որպե՜ս ծանր էր իմ սիրտս, և որքա՛ն աղի արտասուք էի թափում... Եվ այժմ, երբ նստած մենակ՝ այս տողերս եմ գրում, ես այլևս արտասուք չեմ թափում — նա սպառվել է, ես լալիս եմ միայն սրտով, և իմ արտասուքս խոցված սրտիս անվերջ հառաչանքներն են...

Թողնում եմ չորս տարին և սկսում եմ հինգերորդ տարուց, երբ, ավա՜ղ, ամեն բան արդեն վերջացած էր։

Մի անգամ մեր տունը մի ինչ-որ ինձ անծանոթ պառավ կին եկավ։ Հայրս քնից նոր էր արթնացել և յուր մշտական կարմիր գինին անուշ էր անում, մայրս կար էր անում, իսկ ես գիրք էի կարդում։ Ես նկատեցի, թե ինչպես ինձ անծանոթ պառավ կինը, որ մի կախարդի էր նմանում, մտնելուն պես ինձ վերա մի քննական հայացք ձգեց։ Սովորական բարևից և մի քանի հանելուկային խոսքեր արտասանելուց հետո հայրս դարձավ ինձ և ասաց, որ ես իրենց խոսակցությանը ներկա չգտնվեմ։ Ես զարմացա, թե ինչ էր նշանակում այդ նախազգուշությունը, սակայն հնազանդվեցա և դուրս գնացի։ Մի, թե երկու ժամից հետո, ե՛ս ննջարանիս լուսամուտից տեսա, թե ինչպես պառավ կինն ու հայրս խոսելով դուրս էին գնում։ Ես շտապեցի մորս մոտ՝ հարցնելու նրանից, թե այդ ինչ պառավ կին էր և ինչի՞ չթողեցին ինձ, որ իրենց խոսակցությանը ներկա գտնվեի։ Մայրս նստած էր տխուր մտածմունքների մեջ, և երբ ես առաջարկեցի հարցերս, նա նայեց ուղղակի իմ աչքերին և ինձ թվաց, որ նրա այդ տխուր հայացքի մեջ ինչ-որ կարեկցություն կար... Նա ինձ ոչ մի