Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/332

Այս էջը հաստատված է

որոշ պատասխան չտվեց, որից և ես եզրակացրի, որ այդտեղ մի ինչ-որ գաղտնիք կար, և չգիտեմ ինչի՞, բայց իսկույն ևեթ զգացի, որ այդ գաղտնիքն ինձ էր վերաբերում։

Նույն երեկո, երբ արդեն մութն էր, ես կամենում էի մտնել մորս մոտ։ Դեռ ես չէի մոտեցել նրա սենյակին, երբ հանկարծ լսեցի հորս ձայնը, որ գոռում էր.

— Ձենդ կտրե՛, թե չէ, աստուձ է վկա, էս սհաթին ևետ բան հոքի կոնիմ քիզ տիղնուտիղդ... Ես քեզ ասում եմ, վուր ինչ ես իմ ուզում— էն պիտի ըլի... Գանա ես էստի իմ օղլուշաղի մինձը չի՞մ, գանա դիփ իմ կամքով չի պիտի ըլի՞... Մտիկ արա, թե մեկ էլ դու ինձ հակառակվիլ իս, թե մեկ էլ խոսք, մե ծպտուն իս հանի, վայ քռւ միխկը... Ես էլ դավի չունիմ...

Ես արդեն դռան մոտ էի և ականջ էի դնում։ Հայրս լռեց, և ես խուլ հեկեկանքներ լսեցի— մայրս լալիս էր... Ես փշաքաղվեցա և զգացի, որ արտասուքից խեղդվում եմ. ես վազեցի, ներս ընկա ննջարանս և, ամբողջ մարմնով դողալով մտա անկողին։

Օ՜, Գրիգոր, մինչի օրս էլ կարծես իմ անբախտ մորս խուլ հեկեկանքները լսվում են իմ ականջներում, կարծես նրա արտասուքի ամեն մի կաթիլը հրաշեկ գնդակ էր, որի պատճառած անբուժելի վերքը տակավին այրում, կիզում է սիրտս... Թեպետ մորս լաց լինելն այդ առաջին անգամը չէր, թեպետ ես շատ անգամ էի տեսել նրան լուռ արտասուք թափելիս, բայց ո՛չ մի անգամ նրա լացը ինձ վերա այնքան չէր ազդել, որքան այս անգամ... Նա միայն կարող է հասկանալ իմ դրությունս, որ ունի միակ խնամատար, բուռն սիրով սիրող մի մայր և մի բռնակալից էլ ավելի անգութ հայր... Օ՜, անբա՜խտ, թշվա՛ռ իմ մայրիկ, որպես նա լուռ խոնարհությամբ տանում էր այն ծանր լուծը, որ ամենաանգութ կերպով դնում է նրա վզին ամուսինը... ո՛րպիսի մարտիրոսական համբերությամբ նա տանում էր այն անվայել, փողոցային հիշոցները, որ ամեն օր թափում է, և որքա՛ն մեծահոգի, բարի է նա, որ ոչ մի ժամանակ չէ տրտնջում... և շարունակում է նրա հետ ապրել...

Այնուհետև գրեթե ամեն օր, այն ինձ անծանոթ պառավ կինը գալիս էր մեր տուն և առանձնապես խոսում էր հորս