հետ, մայրս այլևս նրանց խոսակցության չէր մասնակցում։ Բայց թե ի՛նչ բանի վերա էին խոսում նրանք — այդ ոչ մի կերպ չէի կարողանում ես իմանալ, քանի՜-քանի՜ անգամ ես դիմեցի մորս այդ մասին, բայց նա միշտ լռում էր, անորոշ պատասխաններ էր տալիս, և ես ամեն անգամ նկատում էի, որ նրա աչքերը կարմիր և թաց էին...
Նույն շաբաթվա կյուրակի երեկոյան մայրս, որ սովորականից ավելի տխուր էր, ասաց ինձ, որ ես զուգվեմ վանքի մայր եկեղեցին գնալու համար։ Ես հնազանդվեցա, հագնվեցա, և գնացինք։ Մեզ հետ էր և հայրս, նա ճանապարհին ինձ մի նկատողություն արավ (որը սակայն ինձ շատ զարմացրեց), որ ես գլուխս միշտ բարձր պահեմ։
Մտանք եկեղեցին, ժամերգությունն արդեն վերջացել էր։ Ժողովուրդ շատ քիչ կար. մնացածն էլ դառնում էր դեպի տուն։ Հենց դռան մոտ, եկեղեցու մեջ ես տեսա այն պառավ կնոջը, որ հաճախ մեր տուն էր գալիս, նրա մոտ կանգնած էր մոտ հիսուն տարեկան, եվրոպական հագուստով մի հաստափոր մարդ։ Նրա մարմինն ավելի փքված էր երևում, քան մսալի, իսկ խիստ չեչոտ դեմքը դեղին էր. կարծես մի ախտով վարակված լիներ։ Նրա հոնքերի և թերթերունքների մեծ մասը թափված էր. մինչև անգամ գլխի սև մազերը ինձ կասկածելի թվեցան. իսկ բեղերի բացակայությունն ու փոքրիկ, մկան աչքերը նրա դեմքին մի տեսակ հրեշային արտահայտություն էին տալիս։ Ես հենց առաջին հայացքից զզվեցի այդ մարդից։
Մեր մտնելուն պես ես նկատեցի, թե ինչպես պառավ կինը ձեռով կամաց հրեց նրան և խորամանկ աչքերով ցույց տվեց ինձ վերա։ Հաստափորն իսկույն հառեց ինձ վերա յուր դիվական (ինձ այդպես թվաց) աչքերը։ Մենք գնեցինք մոմ, մոտեցանք բեմին, և ես այնտեղ դրված աշտանակներից մեկի վերա վառում էի, երբ հանկարծ, ի՜նչ տեսնեմ, հաստափոր անծանոթը կանգնած է կողքիս. նա էլ մոմ է վառում։ Ես նրան տեղ տվի և մտածում էի, թե ինչի՞ այդ պարոնը հենց մեր գալուն էր մնում, որ ինքն էլ մոմ վառի և հենց այն աշտանակի վերա, որի վերա ես էի վառում... Ես նկատեցի, որ նրա փոքրիկ աչքերը ոչ թե մոմ կպցնելուն էին հետևում, այլ հառած էին իմ դեմքին, ինձ այնպես թվաց, թե