Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Այս էջը հաստատված է

— Կորցրե՛ք այս... ես երբեք և ոչ ոքի կնության չեմ գնալ,— աղաղակեցի ես հուսահատական արտասուք թափելով։ Հանկարծ այդ միջոցին դուռը բացվեցավ, և շեմքի վերա երևաց հայրս։ Ես իսկույն նայեցի նրան. նրա դեմքն այն աստիճան կատաղի էր, որ ես ակամայից դողացի և ամուր կպա մորս, որ նույնպես սարսափած հորս վերա հառած ահռելի հայացքից լռել և դողում էր, ինչպես տերև։ Մենք այդ րոպեին նմանում էինք վախկոտ գառների, որոնք գայլին տեսնելուն պես՝ կպչում են միմյանց, սպասելով, որ գազանը մոտենա և պատառոտե նրանց... դեռ մի րոպեաչափ լռություն տիրեց, երբ վերջապես հայրս ծանր քայլերով մոտեցավ մորս և ինչ-որ կրակված հայացքով նայելով ուղղակի նրա սարսափից չռած աչքերին, ասաց կամաց, բայց մի այնպիսի ձայնով, որից բոլոր արյունը սառեց մեր երակների մեջ։

— Թե մեկէլ էս էրեխուն գժվեցրիլ իս, վա՛յ քու միխկը... Վերջին անգամն իմ ասում, աստուծ է վկա, խանչալախորով կոնիմ քեզ էն սհաթին և ետ... Ես ցերեմոնիեք չիմ գիդի։

Եվ նա դուրս գնաց։

Օ՜, Գրիգոր, այո՛, ես հաստատ համոզված էի, որ նա անպատճառ կկատարեր յուր խոսքը. խո դու ինքդ տեսել ես, թե մինչի ո՞ր աստիճանի է հասնում նրա կատաղությունը... իրավ որ անբախտ մայրս այնուհետև բերանը չի բացե այդ մասին. երկյուղից նա իրեն միշտ հեռու էր պահում ինձանից, և երբ ես նրան տեսնում էի, նրա աչքերը միշտ ուռած ու կարմիր էին լինում. նա լուռ անօգուտ արտասուք էր թափում ինձ — յուր միակ սիրելի աղջկա համար։ Նա ճնշում էր յուր մեջ մայրական սիրո ամենաքնքուշ զգացմունքները։ Նա չէր կարողանում, նա չէր համարձակվում ինձ պաշտպանել, նրան արգելում էին, նրան սպառնում էին սոսկալի մահով...

Մի քանի օրից հետո ես իմացա, որ հարսանիքս երկու շաբթից հետո է լինելու։ Անգի՛ն Գրիգոր, այժմ քեզ եմ թողնում երևակայել իմ դրությունս... Մինչև այժմ ես իմ զլխովս անցած բոլոր բաները դարձյալ երազ էի համարում, ես հավատալ չէի կամենում, որ հայրս իսկապես այնքան անգութ կգտնվի, որ ինձ այն մարդու ձեռքը կձգե, որի հրեշային