Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Այս էջը հաստատված է

Գուցե այդ ինձ հարցնես, սիրելի Գրիգոր, թե ի՞նչն էր պատճառը, որ հայրս ինձ հենց այդ հրեշ մարդու հետ ամուսնացրեց, մի՞թե նա նրան չէր ճանաչում, նրա կյանքին ծանոթ չէր. եթե ծանոթ չէր, խո մայրս ճանաչում էր, մայրս կնախազգուշացներ նրան, նա ցույց կտար նրան այն կորուստը՝ դեպի որը նա կուրորեն հետևում էր — այո՛, Գրիգոր,— կպատասխանեմ ես քեզ,— նա մորիցս այդ ավելի լավ գիտեր, նա ավելի լավ էր ճանաչում այդ մարդուն և դրա վարած կյանքը, քան մայրս, բայց տես, թե բանն ինչումն է։— Հայրս— ինչպես դու գիտես, սովորություն ունի միշտ կլուբ գնալու, ավելորդ է ասել, թե որքան գումարներ է նա այդտեղ տարել և տարվել... Մի երեկո նա պատահել է այնտեղ իմ ամուսնուն, և երկուսով սկսել են թուղթ խաղալ, այդ գիշեր հորս բոլորովին չէ հաջողվում, և նա սկսել է տանուլ տալ։ Նա կատաղությունից սկսում է հետզհետե գումարները ավելացնել։ Վերջապես այդ գիշեր նա վեց հազար ռուբլի է տանուլ տվել։ Իհարկե, այդ փոքր գումար չէ և հայրս երկար ժամանակ չէ կարողացել թե չէ՝ ուզեցել վճարել։ Տեսնելով այդ և կասկածելով, թե միգուցե հայրս այդ ամենևին էլ չի վճարիլ, պարտատերը մի լավ բան է մտածում— այն է՝ փողի տեղ ինձ առնե և այդ բանն այն, ինձ անծանոթ, պառավ կնոջ միջնորդությամբ առաջարկում է հորս, որն յուր կողմից մեծ ուրախությամբ ընդունում է այդ առաջարկությունը։ Հայրս այդտեղ յուր համար երկու մեծ օգուտ է տեսնում — առաջինը, որ յուր վեց հազար պարտքից է ազատվում և երկրորդը— ինձ առանց օժիտի է ամուսնացնում և այդ էլ մի այնպիսի հարուստ մարդու հետ, որպիսին էր իմ ամուսինը։ Ես հետո իմացա, որ այդ մարդուն գրեթե ամենքը ճանաչելիս են եղել և ոչ ոք դրան չէ կամեցել աղջիկ տալ, չնայելով, որ ինքն է առաջարկելիս եղել փող։ Ես երկար չեմ խոսում, Գրիգոր, ես քեզ եմ թողնում մտածել իմ հոր, իմ հարազատ հոր այդ վարմունքի վերա։

Եվ այսպես ես ծախված էի, կամ ավելի ճիշտն ասած, ես — կենդանի արարածս թղթի մեջ կլուբում տանուլ էի տված և այն էլ իմ հարազատ հոր ձեռքով... Օ՛հ, ես չեմ կարող այլևս մի բան ասել, իմ սրտիցս արյուն է կաթում,