Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Այս էջը հաստատված է

— Էն էին մորթել քելեխի՞ն։

— Բա՛։

— Վա՛յ, վա՛յ,— ասաց ծերունին գլուխը շարժելով։— Եսիմ դրուստ շուն ու կատվանիք ի՞ն։

— Եսի՛մ... վախից սիրտս գնացել էր... Ասին, թե ոչինչ չկա, աչքիս ա էրևացել...

— Աչքիդ ա էրևացել, բա աչքիդ, ոնց որ հըմի,— վրա բերեց ծերունին։— Վե կաց, բալա ջան, վե կաց, կողենքը գցի, քնենք։ Իրեք օր ա չըրչարվել ես, շատ կըլես բեզարած։ Հրես իմ քունն էլ ա տանում։

Եվ ծերունին, բոլորովին հանգստացած, հորանջեց։

* * *

Մի քանի օր Մարթայի վարմունքի մեջ մի առանձին տարօրինակ բան չէր նկատվում։ Սովորականի պես առավոտները վաղ վեր էր կենում, փոքրիկ ինքնաեռը գցում, անկողինը հավաքում, թախտն ու հատակն ավլում, ամեն բան իր տեղը դնում ու նստում հինած գործելու մինչև ինքնաեռի եռ գալը։ Հետո հոր հետ սուս ու փուս թեյ էր խմում ցամաք հացով և նորից գործի նստում մինչև ճաշ և մինչև երեկո։ Բայց այնուհետև հայրը նկատեց, որ նա մենակ գործի նստած ժամանակ խոսում է ինքն իրեն, դեմքով ինչ֊որ ծամածռություններ է անում, երբեմն ծիծաղում առանց որևէ առիթի, երբեմն էլ սգվորի պես մղկտալով մրմռում, լաց լինում։ Մի օր էլ ծերունին դրսից ներս գալով տեսավ թախտը մի կողմն է քաշել ու կացնով քանդում է գետինը։

— Մարթա՛, էդ ի՞նչ ես անում,— բացականչեց նա զարմացած և վախեցած։

— Հանում եմ... հանում եմ,— ասաց Մարթան, կացինն ուժգին թափով զարկելով հողե հատակին։

— Ի՞նչը։

— Մոզին...

— Ի՞նչ մոզի։

— Մատաղացու մոզին... մատաղացու մոզին... ս․ Գևորգի մոզին... քանի վախտ ա մզզում ա... բա մեղքը չի՞... բա մեղքը չի՞... բա թողանք, որ շներն ու կատվանիքը գզգզե՞ն...