Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/340

Այս էջը հաստատված է

իմ վաղուց ցամաքած աչքերիցս արտասուքի կաթիլներ են դուրս ցայտում իբրև բողոք, բայց ո՞ւմը և ո՞ւմ դեմ...

Հասկանալի է, Գրիգոր, որ ես այլևս չէի կարող այն՝ կայտառ, վարդագեղ աղջիկը մնալ, ինչպես առաջ։ Իմ ամուսինս հենց առաջին օրից մի այնպիսի ցավ պարգևեց ինձ, որից միայն մահով են ազատվում... Բժիշկները խորհուրդ էին տվել այս ամառը ամառանոցում անցկացնելու, և երբ ես գրում եմ իմ այս տողերը, մենք գտնվում ենք ամառանոցում։ Այս նամակը շատ վաղուց է, ինչ սկսել եմ, օրը մի քանի տող հազիվ եմ կարողանում գրել։ Այսօր տանը ոչ ոք չկա, ամուսինս և հայրս քաղաքումն են, իսկ մորս, որը մի րոպե անգամ ինձ մենակ չէ թողել, ես հազիվհազ ուղարկում եմ տեղիս հասարակաց այգին զբոսնելու։ Բժիշկ ամենևին չեմ ընդունում, ես կամենում եմ շուտով մեռնել, թողնել այս փուչ աշխարհը, որտեղ իմ մանուկ կյանքս այսպես շուտ թունավորեցին, որտեղ իմ ձգտումներով, նպատակներով լի սիրտս ճմլեցին, մեռցրին... Օ՜, այո՛, մահը— այդ կյանքի ալեկոծության նավահանգիստը, այդ ինձ նման թշվառների մենակ փրկության հույսը... Ո՞րպես քաղցր է թվում ինձ... Մեռնե՜լ, հանգստանա՜լ, հանգստանալ ընդմիշտ, հավիտյան... Ահա՛ ես տեսնում եմ այնտեղ մի լուսաճաճանչ հրեշտակ. նա ժպտում է ինձ, նա շշնջում է ինձ. «Բավ է, դու ապրես այդ թունավոր աշխարհում, որտեղ մարդկանց համար ոչինչ սուրբ, ոչինչ նվիրական բան չկա, ե՛կ, ես կթռցնեմ քեզ իմ լուսաճաճանչ թևերիս վերա դեպի երկնքի հավիտենականությունն— այնտեղ, որտեղ միայն խաղաղություն, սուրբ սեր, և անդորրություն է տիրում»... Եվ ահա՛, ես ընկնում եմ դրա գիրկն, և այդ քա՜ղցր է, քա՜ղցր է...»։

. . . . . . . . . . . . . . . .

Բժիշկ Սեյրանյանն ապրեց և ապրում է, նա կատարեց յուր երդումը։ Նա մինչի յուր վերջին շունչը չի մոռանալ Նունեի հիշատակը, և մինչի օրս էլ նա կատարում է նրա վերջին խոսքը։