Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/348

Այս էջը հաստատված է

Անածնոթը դուրս գնաց խրճիթից։ Դուռը կողպեքով կողպեց, բանալին կոխեց գրպանը և փաթաթվելով վերարկուի մեջ, շտապ քայլերով հեռացավ։

Նա մի քանի փողոցներ անցնելուց հետո վերջապես մտավ մի մեծ փողոց, որտեղ գտնվում են քաղաքի հայտնի և հարուստ վաճառականների խանութները։ Նա բացեց այդ խանութներից մեկի մեծ և խնամքով մաքրած ապակիավոր դուռը և այնպիսի վստահությամբ ներս մտավ, որ կարծես յուր խրճիթն էր մտնում։ Խանութը շատ երկար էր. տասնավոր գործակատարներ և աշակերտներ կանգնած վաճառասեղանի հետևում՝ իրենց ճարտար լեզվով և նուրբ քաղաքավարությամբ, որ հատուկ է միայն նրանց, առևտուր էին անում բազմաթիվ «սուդարինիա» ու «մադամ»-ների հետ, որոնցով միշտ և ամեն օր լի են լինում այդպիսի «արիստոկրատական» խանութները, որովհետև եվրոպական «քաղաքակրթությունը» յուր անգութ մոդաներով երբեք մի վայրկյան անգամ հանգիստ չէ տալիս խեղճ, հարուստ և աղքատ կանանց: Ահագին և նույնպես խնամքով մաքրած ապակիավոր լուսամուտի մոտ յուր վաճառական «ամբիոնի» առաջ նստած էր մոտ հիսուն տարեկան հաստափոր և միջահասակ մարդ, ըստ երևույթին, խանութի տերը կամ աղան։ Նրա դեմքը, որ ահագին մեծություն ուներ, սափրած էր խնամքով և սափրած տեղն այնպես էր պլպլում, որ կարծես յուղած լիներ։ Հայկական քթերից մի փառավոր օրինակն էլ նրան էր բաժին ընկել. բեղերը, որոնց մեջ որքան սև, նույնքան և սպիտակ մազ կար, խուզած էր կարճ, այնպես որ, մազերի ծայրերը հավասար երկարությամբ կանգնած էին նրա վերին հաստ շրթունքի հետ մի գծի վերա։ Մի բան, որ իսկույն աչքի էր ընկնում նրա դեմքի վերա— այդ նրա կլորիկ դեմքի մեծությանը բոլորովին անհամապատասխան փոքրիկ, շարժուն աչքերն էին, որոնք կարծես, ուրիշ բան ու գործ չունեին, բայց եթե միայն անդադար ժպտալ, սակայն այդ ժպիտը այնքան էր սազում նրա կոպիտ, ստրկական գծերին, որքան էշին կսազի, եթե նրա վերա նստի ամազոն։ Թե ինչ բնավորություն էր արտահայտում նրա դեմքը— այդ դժվար թե կարողանային մշտապես որոշել մինչև անգամ մեծահարգո պարոն հոգեբանները, որովհետև նրա դեմքի արտահայտությունը