Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Այս էջը հաստատված է

հենց առաջին հայացքից ներկայացնում էր հոգեկան հատկությունների այն քաոսը, որ մարդ շվարում է, թե որ տեսակի մարդկանց կողմը դասել նրան՝ բարեսի՞րտ, թե չարամիտ, պիտանի՞, թե անպիտան, խորամա՞նկ, թե միամիտ, սիրալի՞ր, թե կոպիտ, անգո՞ւթ, թե գթառատ և այլն. միայն այս պարզ էր, որ նրա հայացքը մի ինչ-որ անհասկանալի, արտասովոր, բայց ջերմ զգացմունքով, կարծես, գուրգուրում, փայփայում էր նրան՝ ում որ նայում էր և ում վերա որ ուզում էր լավ ուշադրություն դարձնել։ Նայելով նրա եվրոպական հագուստին, մատների թանկագին մատանիներին և ոսկե ժամացույցի նույնպես ոսկե հաստ շղթային, իսկույն երևում էր, որ նա յուր զուքսի վերա սիրահարական արկածախնդիր, նորաձև և պճնասեր երիտասարդից պակաս ուշադրություն չէր դարձնում, չնայելով որ գլխի կոշտ մազերն արդեն կրում էին իրենց վերա ծերության կնիքը։

Ահագին բազկաթոռի մեջքի վերա ետ ընկած՝ յուր մշտական ժպտող աչքերով նայում էր նա շքեղազարդ, գեղեցիկ և քնքշատիպ «սուդարինիա» ու «մադամ»-ներին, երբ մեր ծանոթ անծանոթը ներս մտավ խանութը։ Վերջինս յուր արագաշարժ աչքերով նախ մի թռուցիկ հայացք ձգեց բոլոր ներկա գտնվողների վերա, հետո հազիվ լսելի քայլերով մոտենալով աղայի «ամբիոնին», կանչեց ցածր ձայնով.

— Աղա՛ Գրիգոր Մոսեիչ...

Աղա Գրիգոր Մոսեիչը, որ, ըստ երևույթին, չէր նկատել նրա ներս մտնելն ու մոտենալը, այդ ձայնի վերա շտապով նայեց նրա կողմը։

— Ա՜, Սարգիս, այդ դո՞ւ ես,— ասաց նա, և նրա ժպտող աչքերը մի տեսակ արտասովոր կերպով փայլեցան։

Բ

Ս... գավառական փոքրիկ քաղաքում ապրում էր մի վաճառական Պետրոս անունով։ Չնայելով որ նա միջակ կարողության տեր մարդ էր, և նրա առևտուրն էլ այնքան հաջող չէր անցնում, բայց նա յուր ընտանիքը, որ բաղկացած էր կնոջից, երկու փոքրիկ աղջիկներից և մի տղայից— միշտ և ամեն կողմից լիության մեջ էր պահում։ Նա ուներ յուր սեփական