Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Այս էջը հաստատված է

Ասում էր ու հևալով քանդում գետինը շարունակ, հողը ցաքուցրիվ տալով շուրջը։

Ծերունին, տեղն ու տեղը քարացած, նայեց, նայեց, հետո մի «վայ» արավ և երկու ձեռքով թակելով գլուխը՝ շտապեց դեպի դուրս, հարևաններին օգնության կանչելու։

Չանցավ մի քանի րոպե, և արդեն ամբողջ թաղը դրնգում էր, թե «Թորոսանց Մարթան գժվել ա»։ Էլ մեծ, էլ փոքր, էլ կին, էլ աղջիկ — ո՜վ ասես, բան ու գործ թողած, շտապում էր թամաշի։ Թորոսենց խրճիթի ներսն ու դուրսն ասեղ գցելու տեղ չկար, իրար ճխլելով, իրար հրելով, իրար ոտ կոխ տալով ներս էին խցկվում հա՛ խցկվում խրճիթի նեղ դռնից։ Ձայների ժխորը բռնել էր ամբողջ փողոցը։

Մարթան նստած էր իր փորած գետնի վրա և, կացինը ձեռին, խելագարի անմիտ հայացքով նայում էր ներսը ճխտված կանանց և երեխաների ամբոխին։ Շրթունքները շարունակ կրծում էր և դերիայի փեշը փաթաթում մատների վրա, ետ անում ու նորից փաթաթում։ Նստած էր լուռ, բոլորովին ձայն չէր հանում, մինչև իսկ այն ժամանակ, երբ փորձում էին խոսեցնել։ Մի քանի սրտոտներ փորձեցին կացինն առնել նրա ձեռից և վեր կացնել, բայց նա կացինը շեքը կոխեց, ամբողջ մարմնով կռացավ նրա վրա և սկսեց լաց լինել երեխայի պես, երբ նրա ձեռքից ուզում են խլել իր խաղալիքը։

Տեղահան արած թախտի ծայրին կծկվել, կուչ էր եկել ծերունի հայրը, կուզը ցցել, սպիտակ մորուքը թաղել ծնկների արանքին և մղկտում դառնագին։

Ներսը հավաքված կանայք նայում էին ծերունուն և նրա աղջկան խղճահարությամբ, կարեկցությամբ և մի տեսակ վախի զգացումով, որ ակամա պատում է մարդուն խելագարի հանդեպ։ Եվ թեպետ ոչ ոք տեղից չէր շարժվում, բայց ամեն մեկի մեջ այդ վախի զգացումն այն աստիճան ուժեղ էր, որ բավական էր Մարթան հանկարծ վեր թռչեր տեղից և վրա պրծներ, իսկույն ամենքը գլխապատառ դուրս կփախչեին ճիչ ու ծկլթոցով։

Իսկ այն կանանց մեջ, որոնք ամբոխվել էին դուրսը՝ ներսը տեղ չլինելու պատճառով, տեղի էին ունենում հետևյալ խոսակցությունները.