Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/352

Այս էջը հաստատված է

այդ անբախտ կինն ուշ երեկոյան հոգնած, վաստակաբեկ և խաշված ձեռքերով վերադառնում էր տուն կամ թե ինչպես վաղ առավոտից սկսած մինչև կեսգիշերը գլուխը չէր բարձրացնում կարից։ Նա վճռեց թողնել ուսումնարանը, չնայելով որ ուրիշ շատ յուր հասակակիցների նման չէր ատում ուսումը, և մտնել մի որևիցե աղայի մոտ աշակերտ, որպեսզի փոքր-ինչ թեթևացնի յուր մոր այնքան ծանր հոգսերը։ Բայց մայրն այդ բացեիբաց մերժեց, որովհետև նա հասկանում էր, թե ինչ է նշանակում աղայի մոտ աշակերտ լինել, մանավանդ որ նա յուր այդ միակ տղա-զավակին այնքան սիրում և այնքան քնքուշ էր մեծացրել։ Բայց պետք էր ուսման վարձ տալ։ Ո՞րտեղից։ Նա խնդրեց ուսումնարանի վարչությանը, որ յուր որդուն այնուհետև ձրի սովորեցնեն, որովհետև ինքը շատ չքավոր է։ Ուսումնարանի վարչությունը մերժեց. նրա մեծահարգո պարոն անդամները պաշտոնական կերպով ուղղակի պատասխանեցին՝ «չենք կարող»— և լակոնական վճիռը կայացած էր ու անփոփոխելի. այլևս ոչինչ աղերսանք, ոչինչ արտասուքի հեղեղներ չէին կարող թափանցել նրանց փակված սրտի ներսը, և անճար այրի կինը գլուխը կոր և ձեռքերը խաշած վերադարձավ յուր խրճիթը։

— Ի՞նչ արած, պետք է մի տեղ աշակերտ մտնես,— ասաց նա որդուն բոլորովին հույսը կտրելով, որ նա երբևիցե կարող է դարձյալ շարունակել ուսումը։ Եվ նա բռնելով յուր տասնևերկու տարեկան տղայի ձեռքը՝ սկսեց պտտել ողջ քաղաքը. մտավ բոլորի խանութները անդադար հարցնելով՝ արդյոք յուր որդուն աշակերտ չե՞ն վերցնիլ։ Ամեն տեղ խորին անտարբերությամբ մերժողական կերպով միայն շարժում էին գլուխները։ Անբախտ կինը, անիծելով յուր թշվառ ծնունդը, տրտնջալով յուր չար բախտի վերա, թողեց խանութները և տղայի հետ նորից վերադարձավ յուր խրճիթը։ Եվ այդպես ոչ մոր ցանկությունը կատարվեցավ՝ որդուն ուսման մեջ պահել և ոչ որդու ցանկությունը՝ օգնել մորը։ Բարսեղը (այդպես էր որդու անունը) մնաց պարապ։

Որքան էլ ճգնում էր անբախտ այրին, որքան էլ որ ամբողջ օրերով նա անց էր կացնում լվացքի և կարի վերա, բայց դարձյալ հազիվ էր կարողանում կուշտ կերակրել և հագցնել յուր զավակներին։ Աղջիկները տակավին շատ փոքր