Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Այս էջը հաստատված է

մեծ քաղաքում փնտրելու յուր բախտը, իսկ իրենք գնացին իրենց գործին։ Պետք է միայն երևակայել տասնևչորս տարեկան անփորձ, միամիտ, սոված, մերկ, անտուն և պանդուխտ պատանու դրությունը օտար և բոլորովին անծանոթ քաղաքում աշնանային ցուրտ եղանակին։ Երրորդ օրը նա արդեն կուչ էր եկած Թամամչյանի քարվանսարայի տակ։

-----

Հետևյալ օրը աղա Գրիգոր Մոսեիչի խանութում մի նոր աշակերտ ավելացավ։ Ինչպես երևում էր, նա բոլորովին խամ էր յուր պաշտոնի մեջ. մյուս աշակերտները, գործակատարները— բոլորն էլ զբաղված էին իրենց գործերով՝ մեկը ապրանք էր դարսում, մյուսը— վայր բերում, երրորդը չափում էր, չորրորդը— կտրում, հինգերորդը հաշվում էր, վեցերորդը— գնողի հետ խոսում,— բայց նա, որպես արձան, կանգնած էր մի կողմում և, կարծես, անզգա կերպով նայում էր, թե ինչ է կատարվում յուր շուրջը։ Նրա հայացքի մեջ նկատվում էր և՛ ամոթխածություն, և՛ երկյուղ, և՛ ապուշություն, և՛ անչափ հեզություն, և՛ երեխայական միամտություն ու անմեղություն։ Նա յուր այդ դիրքով այնքան գեղեցիկ էր, որ մինչև անգամ խանութում անպակաս առևտուր անող «սուդարինիա» ու «մադամները» նրա վերա երբեմն-երբեմն սիրաժպիտ հայացքներ էին ձգում․․․

Իսկ ո՞վ կարող էր ասել և ճանաչել, որ այդ գեղեցիկ հագնված գեղեցիկ տղան՝ մի օր առաջ Թամամչյանի քարվանսարայի պատի տակ ընկած ցրտից կոնկոռնող, կեղտոտ պատանին — Բարսեղն էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը Սարգսի միջնորդությամբ նրան «որդեգրել» էր իրեն...

Գ

Քառասնական թվականներին Թիֆլիսում ապրում էր մի բավական հարուստ մարդ Սաքո անունով։ Ժողովուրդը երբեմն մի կարգ մարդկանց գիտե հատկացնել այնպիսի ածականներ, որոնք ամենասրամիտ կերպով արտահայտում են նրանց թե ներքին, թե արտաքին հատկությունները— իրենց լավ կամ վատ կողմերով։ Այդ դեպքում, ինչպես և ուրիշ շատ