Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Այս էջը հաստատված է

յուր շահասիրության,— այդ անկարելի էր ստույգ իմանալ, որովհետև ժլատները միշտ ծածկամիտ են լինում։ Այսպես թե այնպես, բայց նա միշտ տրտնջում էր յուր թանկագին կեսին, թե ինչի՞ նա նրան որդի ունենալու բավականությունից զրկել է։ Վերջին հանգամանքն էր, որ նա վերցրել էր յուր մոտ յուր որբ մնացած եղբոր որդուն — Գրիգորին և պահում էր նրան իբրև որդեգիր։ Գրիգորն այդ ժամանակ քսան տարեկան, արդեն հասակն առած տղա էր, նրան յուր ծուլության, բթամտության և վատ վարքի համար վռնդել էին գիմնազիոնից։ Սակայն այստեղ պիտի նկատենք, որ ղայիմ-Սաքոն երբեք չէր վերցնիլ նրան յուր մոտ, եթե նա արմատապես չէր փոխիլ յուր բնավորությունը և ընդնմին չէր ծառայիլ յուր շահերին, և այդ պատճառով որդեգրելիս նա առաջարկեց նրան յուր պայմանները։ Գրիգորն ընդունեց, խոստանալով փոխել յուր բնավորությունը։ Բայց այդ միակ լոկ խոսք էր. երկու օր նա զսպեց իրեն, իսկ այնուհետև դարձյալ յուր էշը քշեց։ Ղայիմ-Սաքոն առանց այլևայլության նրան իսկույն ճանապարհ դրեց. բայց մոտ երկու շաբաթ կորած լինելուց հետո, նա դարձյալ հայտնվեցավ յուր հորեղբոր մոտ և «անառակ» որդու նման արտասուքը աչքերին գրկելով նրա ոտները, սկսեց ներումն հայցել և հազար ու մի երդումներով հավատացնել, որ «արմատապես» փոխել է յուր բնավորությունը։ Ղայիմ-Սաքոն շատ «չեմ ու չում» անելուց հետո վերջապես հիշեց «Գթառատ հորը» և ներեց նրան։ Գրիգորը շարունակեց նրա որդեգիրը լինել։ Եվ իրավ, որ նա զարմանալի կերպով փոխվել էր, առաջվա այն ծույլ, ցոփակյաց և անբարոյական սրիկան այժմ դարձել էր մի աշխատասեր և խնայող տղա, որն յուրաքանչյուր քայլափոխում մեծ հնազանդություն էր ցույց տալիս յուր բարերար հորեղբորը և, ըստ երևույթին, սիրով լսում էր նրա խրատները, որոնք, իհարկե, մեծ մասամբ վերաբերում էին շահասիրությանը և խնայողությանը, չասենք ժլատությանը։ Բայց եթե ղայիմ-Սաքոն ունենար բոլոր ժլատների բնավորությանը վերաբերյալ ընդհանուր հատկություններից մի նշանավոր հատկությունն էլ— կասկածոտությունը— այն ժամանակ նա կտեսներ կամ կնկատեր, որ յուր որդեգրի այդ զարմանալի փոփոխությունը միայն կեղծ դիմակ էր, ուրիշ ոչինչ։ Սակայն գուցե նա ուներ