Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/359

Այս էջը հաստատված է

Դարձյալ անթափանցելի գաղտնիք։ Սակայն շատերը այդ բացատրում էին նրանով, որ վերջինս չափից դուրս սիրելով յուր ղայիմ ամուսնուն, անկարող էր գտնվել տանելու նրա հավիտյան բացակայությունը և շտապել էր հետևել նրան վայելելու նրա հետ երկնային կյանքը։ Ուրիշ տեսակ բացատրություններ էլ կային, բայց դրանք միայն սոսկալի մեղադրանքներ կարող էին համարվել խեղճ, «արմատապես» փոխված Գրիգորի համար, որն այնքան մեծ դժբախտություն ունեցավ գրեթե մի անգամից զրկվելու յուր միակ խնամատարներից, չնայելով որ նրանց կոպեկ առ կոպեկ դիզած ահագին կարողության օրինական տերն ու ժառանգը դարձավ...

Այնուհետև նա սկսեց դարձյալ յուր առաջվա կյանքը, որից՝ շնորհիվ մասամբ յուր գաղտնի նպատակների, մասամբ ղայիմ-Սաքոյի՝ ամբողջ երկու տարի շարունակ զրկված էր մնացել։ Բայց այդտեղ նա փոքր-ինչ անզգույշ գտնվեցավ, որովհետև դրանով քիչ թե շատ մատնեց իրեն այն կասկածների մեջ, որ տանում էին նրա վերա ղայիմ-Սաքոյի և նրա կնոջ հանկարծակի մահվան համար։ Սակայն դրանք դարձյալ լոկ կասկածներ էին, ավելի ոչինչ, իսկ մերկ իրականությունը մինչև օրս էլ վարագուրված մնաց։ Անկարելի է նկարագրել այն բոլորը, ինչ որ անում էր հանգուցյալ ղայիմ-Սաքոյի «փոխված» որդեգիրը յուր ամբողջ երկու տարի շարունակ ծոմապահությունից հետո։ «Ծտի հետևից աբասիք էր ձգում»,— ժողովրդական այդ սրամիտ ասացվածն էլ բավական է գաղափար կազմելու նրա վարած շռայլ կյանքի մասին։ Բայց որպեսզի մի կողմից ապահովեցնե յուր ապագան, մյուս կողմից յուր դիրքը բարձր բռնել հասարակության աչքում, ղայիմ-Սաքոյից իրեն մնացած խանութը նա մի ահագին և հարուստ մագազինի փոխեց։ Այդ մագազինը նա վերջին ժամանակներում, շնորհիվ յուր կույր բախտի, մի այնպիսի կատարելության հասցրեց, որ շատերն սկսեցին նախանձել, իսկ նախանձի հետ թշնամանալ նրան։ Այդպիսի նախանձն ու թշնամությունը հատուկ է միայն վաճառականներին և մանավանդ այնպիսի վաճառականների, որոնք հոգով ու մարմնով անձնատուր են եղած իրենց պարապմունքին: