Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Այս էջը հաստատված է

— Աղջի Նատո, տեսնես ինչի՞ցն ա խելքից ըլել։ Էփոն ասում ա, թե Դարչոյի հոգեառ հրեշտակն ա խփել, յանի ղորթ ա՞:

— Դե եսի՛մ. որն էդ ա ասում, որն էլ ասում ա, թե Բոլնիսի ս. Գևորգն ա բռնել։

— Ի՜, մեռնեմ նրա զորութենին. յանի էդ խեղճին բռնում ա ի՞նչ անի։ Հանդիպսի կըլի եկած։

— Ասում են, թե Դարչոյենց թախտի տակը շներ ու կատվանիք են էրևացել աչքին։

— Դրուստ ա, դրուստ,— խոսակցությանը խառնվեց մի ուրիշը, որը ամենից անտարբեր, եկել էր ամենից ուշ և գուլպա էր գործում։— Օղորմածիկ Դարչոյի էն շաշ մերը Բոլնիսի ս. Գևորգի համար ետ դրած մոզին վեր ա ունում քելեխին մորթել տալի, մատաղացուն խաշլամի տեղ ուտացնում։ Բա խելքը գլխին կնիկարմատն ըտենց բան կանի՞։ Որ շաշ ա, շաշ, է՛լի: Քելեխին էդ մոզու խաշլամիցը ո՛րն ուտում են՝ ուտում, մնացածն էլ դնում թախտի տակը, պահում։ Եննա, իրիկնապահին, խալխը որ քաշվում ա, Դարչոյի մերը Մարթին ասում ա, որ միսը թախտի տակից հանի, դնի գանջինումը։ Մարթեն հենց կռանում ա, որ հանի, տեսնում ա շներ ու կատվանիք են թոփ ըլել մսի վրեն, քրքըրում։ Հա՛, ըստեղ սիրտը գնում ա վախից։ Վրա են թափվում, ջուր ածում քրքրում, գջլտում, զոռով ետ բերում։ Այ ըսենց ա ըլել բանը, թե որ դրուստն ուզում եք իմանա։

— Բա շուն ու կատու չի ըլե՞լ։

— Ի՜, շուն ու կատու, չէ մի ոտներ։ Աչքին ա էրևացել։

* * *

Թաղի կանանց այցը վերջանալուց հետո հավաքվեցին Թորոսի հեռու-մոտիկ բարեկամ կանայք և սկսեցին խելք-խելքի տալ, թե ի՞նչ դարման անեն։ Խորհրդակցությանը նախագահում էր հարևան խարազ Պետոյի այրի կինը — Օսանը, որը հայտնի էր իր լեզվագարությամբ և առանց որի գործոն մասնակցության թաղում ոչինչ չէր կատարվում։ Օսանի առաջարկով որոշեցին դիմել տերտերի փեսա գրբաց և հեքիմ Գրիգորին, որը մեծ հռչակ էր վայելում նախապաշարված