Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Այս էջը հաստատված է

Այնուհետև ղայիմ֊Սաքոյի որդեգիրը դարձավ ոչ թե Գրիգոր, այլ— աղա Գրիգոր Մոսեիչ։

Երեսուն տարուց նա այնքան էլ հեռու չէր, երբ ամուսնացավ մի տասնևութամյա շնորհագեղ, քնքշատիպ և շատ հեզաբարո օրիորդի հետ։ Սակայն պիտի ասած, որ նա ոչինչ պահանջ չէր զգում ամուսնության մեջ, ինչ տեսակետից էլ որ ուզում եք հասկացեք այդ պահանջը... Այլ նա ամուսնացավ նրա համար միայն, որ ուրիշները ամուսնանում էին, և աղայի համար ամուրի մնալն այնքան էլ լավ չէ, մի կողմը թողնելով այն, որ ամուսնությունը մի քանի հազար էլ ավելացրեց նրա հարստության գումարին։ Այդ ամուսնությունից նա ունեցավ երկու զավակ միայն — մեկը տղա, մյուսը աղջիկ։ Նա դեպի յուր հարազատ զավակները ոչինչ սեր չէր տածում, ինչպես չէր տածում և դեպի յուր կինը․ աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ ոչ կարող են հասկանալ փոքրիկ զավակների անմեղ թոթովանքը և ոչ մանկահասակ, գեղեցիկ կնոջ խանդաղատալից գրկի բոլոր պերճությունը, բոլոր երջանկությունը. դրա համար հարկավոր է ունենալ սիրտ յուր բոլոր գեղեցիկ զգացմունքներով և այն բոլորը, որոնք կոչվում են մարդկային արժանավորություններ, իսկ աղա Գրիգոր Մոսեիչը զուրկ էր այդ բոլորից։ Եվ զարմանալի է, որ զավակները հենց մանկությունից բնավ չէին սիրում նրան, նրանից սաստիկ երկյուղ էին կրում և միշտ փախուստ էին տալիս նրանից։ Իսկ հարկավո՞ր էր արդյոք ասել, թե կինն ինչ էր տածում դեպի նա։ Տիկին Գայանեն այնպիսի կիներից էր, որոնք երբեք չեն կարող սիրել մի տղամարդի, մինչև որ չճանաչեն և չհարգեն նրա, այսպես ասած, ներքին մարդը։ Ամուսնու այդ ներքին մարդը մեծ, շատ մեծ նշանակություն ունի այդպիսի կիների համար — նա կարող է պատճառ լինել նրանց ողջ կյանքի կամ թշվառության կամ երջանկության։ Տիկին Գայանեն թշվառ էր և՛ այն կողմից, որ սիրում էր ուրիշին, մի աղքատ, բայց ազնիվ երիտասարդի, որի գրկից խլել էին նրան յուր հարուստ ծնողները և բռնի ամուսնացրել էին աղա Գրիգոր Մոսեիչի հետ։ Նա տգետ, շահասեր ծնողների բռնության զոհ էր, իսկ այդպիսի զոհերի այն ժամանակներում քիչ չէիք հանդիպիլ։ Չնայելով մինչև անգամ, որ ամուսինը նրա հետ շատ անգամ