Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/362

Այս էջը հաստատված է
Դ

Անցավ ութ տարի։

Կիրակնօրյա գեղեցիկ առավոտներից մինն էր։

Աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկի գեղեցիկ կահավորված սենյակներից մինում՝ գրասեղանի առաջ նստած էր մոտ քսանևյոթ տարեկան մի երիտասարդ, որի գեղեցիկ և խելացի դեմքը արտահայտում էր չափից դուրս համեստ և բարի բնավորություն։ Ակնոցներն աչքերին՝ նա զբաղված էր մի ինչ-որ գրությամբ։ Նրա հետևը փափուկ գահավորակի վերա թեթև կերպով ետ ընկած՝ նստած էր մի օրիորդ ոչ ավելի, քան քսան տարեկան։ Նա այնքան նման էր գրող երիտասարդին, որ նայողն, առանց մի վայրկյան վարանելու, իսկույն կասեր, որ նրանք քույր ու եղբայր են։ Օրիորդը զբաղված էր ընթերցանությամբ։ Նրանք, իրավ, քույր ու եղբայր էին և աղա Գրիգոր Մոսեիչի հարազատ զավակները, որոնք իրենց մոր — տիկին Գայանեի հետ բոլորովին առանձնացած էին ապրում իրենց հորից, չնայելով որ ապրում էին միևնույն հարկի տակ։ Եղբայրը, որի անունը Գարեգին էր, տեղական ծխական ուսումնարաններից մինում մի համեստ ռոճիկով ուսուցչության պաշտոն ուներ, իսկ քույրը՝ Իսկուհին, ավարտել էր տեղական հայ-օրիորդական ուսումնարաններից մինը և այժմ գտնվում էր տանը։

Երկար ժամանակ երկուսն էլ լուռ զբաղված էին իրենց գործերով, երբ հանկարծ դուռը բացվեցավ և շտապով ներս մտավ ոտից գլուխ սև հագնված մի երիտասարդ նույն հասակի, ինչ֊որ Գարեգինը, բայց տխուր դեմքով։ Նա Գարեգինի պաշտոնակիցն էր և ամենասրտակից ընկերը։

— Ներեցեք ինձ,— խոսեց նա շնչասպառ և դողդոջուն ձայնով, սեղմելով նախ քրոջ, ապա եղբոր ձեռքը, որոնք նրա հանկարծակի մտնելուն պես թողնելով իրենց պարապմունքը՝ զարմացած և լուռ նայում էին նրա տխուր դեմքին։ Ներեցեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ մոտ եկել եմ մի խրնդիրքով, որ եթե կատարեիք կամ գոնե աշխատեիք կատարել, ինձ շատ և շատ կպարտավորեցնեիք...

— Ի՞նչ է պատահել, Սմբատ,— զարմացած և անհամբերությամբ հարցրեց Գարեգինը։