Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Այս էջը հաստատված է

— Ես երբեք այդ խնդիրքով չէի գալ ձեզ մոտ,— շարունակեց Սմբատը,— եթե անհրաժեշտ կարիքն և սուղ ժամանակն ինձ չստիպեին, որովհետև ես գիտեմ, որ դուք շատ կարելի է անկարող կգտնվիք օգնելու ինձ. բայց այնուամենայնիվ ես դարձյալ...

— Վերջապես, դու եկել ես այստեղ երկարաբանելո՞ւ, թե ասելու այն, ինչ որ քեզ պետք է,— համբերությունից դուրս գալով ընդհատեց նրան Գարեգինը.— ուղղակի ասա՝ ինչ ես ուզում։

— Դու գիտես, սիրելի Գարեգին,— սկսեց Սմբատը, որ իմ հայրս մեռավ առանց ինձ մի կոպեկ անգամ ժառանգություն թողնելու, բացի հազար ռուբլի պարտքից և այն տնից, որի մեջ այժմ բնակվում եմ ես մորս հետ։ Հորս մահից հետո անմիջապես պարտատերերը սկսեցին ինձ նեղել, որ պարտքը վճարեմ։ Ես խոսք տվի, որ այստեղից այնտեղից հավաքելով, մի կերպ կգումարեմ հազար ռուբլին և իրենց կտամ, բայց դժբախտաբար այդ ինձ ոչ մի կերպ չհաջողվեցավ... Ուսումնարանից ստացած ռոճիկս էլ բոլորովին ծախսվել էր մի մասը տան վերա, մյուսը՝ հորս թաղման վերա... Մնացել էի հուսահատ դրության մեջ, որովհետև պարտատերերը սպառնում էին ինձ հազար ռուբլու տեղ առնելու երեք հազար ռուբլի արժող տունը։ Երկար ժամանակ այս մասին ես չէի ուզում հայտնել և դիմել ձեզ, որովհետև գիտեի, որ դուք ևս անկարող կգտնվիք ինձ օգնելու, բայց վերջապես այսօր՝ ամեն տեղից հույսս կտրած՝ ես դարձյալ դիմում եմ ձեզ, անգին բարեկամներս, հուսալով, որ դուք, այնուամենայնիվ, մի կերպ կաշխատեք օգնել ինձ այս դրությունից դուրս գալու համար... ժամանակամիջոցից արդեն յոթ օր էլ անցել է, և եթե այսօր ես չկարողացա հազար ռուբլի ձեռք բերել և հորս պարտքը վճարել, վաղն արդեն առանց այլևայլության երեքհազարանոց տունը պիտի խլեն ձեռքիցս։ Անգին բարեկամներս, ճարեցեք այդ գումարը և ուզում եք տունը գրավ վերցրեք — ես, իհարկե, այդ գումարն առանց հատուցելու չեմ թողնիլ... Գիտեմ, որ դուք այդքան գումար չեք կարող ունենալ,— շտապով ավելացրեց նա, տեսնելով, որ քույր ու եղբայր ծանր լռություն են պահպանում.— Այո՛, այդ գիտեմ, բայց ես առավել այն հույսով