Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Այս էջը հաստատված է

— Ես եկել եմ ձեզանից խնդրելու, հայր... հազար ոուբլի,— վերջապես հազիվհազ կարողացավ արտասանել նա։

Այդ լսելուն պես՝ աղա Գրիգոր Մոսեիչը շուռ եկավ յուր աթոռի վերա շտապով և զարմացած դարձավ դեպի նա։

— Հազա՜ր ռուբլի,— երկարացրեց նա, խոր նայելով նրա դեմքին։

— Այո, հայր...

— Ի՞նչ բանի համար։

— Հարկավոր է... շատ հարկավոր է...

Աղա Գրիգոր Մոսեիչն ավելի խոր նայեց նրա դեմքին։

— Չունիմ,— կտրական կերպով պատասխանեց նա և դարձյալ շուռ գալով, շարունակեց յուր ընդհատած հաշիվները։

— Հա՛յր, ես չեմ ասում, թե այդ գումարն ինձ նվիրեցեք, այլ փոխ տվեք, որը մի ժամանակից հետո ես դարձյալ կդարձնեմ ձեզ...

— Չունիմ, չունիմ,— նույն կոպտությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց բարձրացնելու գլուխը հաշիվների վերայից։

Որդին մի րոպե լուռ հորը նայելով մնաց արձանացած, իսկ հայրը, կարծես մոռացել էր անգամ, որ յուր հետևում մարդ կա կանգնած։

— Ուրեմն ներեցեք ինձ, հայր, որ իզուր տեղը ձեզ անհանգստություն պատճառեցի,— վերջապես ասաց նա և դարձյալ թեթև գլուխ տալով նրան, առաջ անցավ դեպի դուռը։

Աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ մրթմրթաց յուր քթի տակիցը։

Որդին առանց ետ նայելու դուրս գնաց հոր առանձնասենյակից։

Բարձրանալով վերին հարկը և մտնելով քրոջ ու ընկերի մոտ, նա գտավ այնտեղ և մորը, տիկ. Գայանեին, որն առավոտյան եկեղեցի գնացած լինելով, նոր էր վերադարձել տուն։

— Ինչպե՞ս եղավ,— ամենից առաջ դիմավորեց նրան քույրը։

— Ես քեզ որ ասում էի, թե նա ինձ մի գրոշ անգամ չի տալ, դու ինձ չէիր հավատում,— պատասխանեց Գարեգինը,— և դեռ ուզում էիր համոզել էլ, որ նա այն աստիճան անպիտան և անգութ չէ, որպես ես էի կարծում...