Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/371

Այս էջը հաստատված է

— Ա՜, փողի համա՞ր ես եկել,— ասաց ժպտալով «բարերարը»։— Ա՜յ, իսկույն, իսկույն... Պիտի ներես ինձ, որ այսօր միասին չկարողացանք թեյ խմել, որովհետև տեսնո՞ւմ ես՝ ինչքան գործեր ունեմ, հաշիվները ստուգում եմ, սարսափելի զբաղված եմ...

Այդ տեսնելով, նա դուրս քաշեց գրասեղանի արկղիկը, հանեց մի կույտ թղթադրամներ և համարելով հիսուն ռուբլի, տվավ նրան։

Բարսեղը խոնարհությամբ առավ և դարձյալ համբուրեց նրա ձեռքը։ նա միշտ այդպես էր անում, երբ ամեն կիրակի ստանում էր յուր «բարերարից» յուր շաբաթական անպակաս ռոճիկը— հիսուն ռուբլին։

— Բայց տես, Բարսեղ,— ասաց աղա Գրիգոր Մոսեիչը,— ճաշին ոչ մի տեղ չգնաս և շուտ տուն գաս, որովհետև գու գիտես, որ առանց քեզ ոչ կարողանում եմ ճաշ ուտել և ոչ երկար ժամանակ մենակ մնալ։

— Ես ինչպե՞ս կարող եմ ճաշին ուրիշ տեղ գնալ կամ շուտ տուն չգալ, աղա Գրիգոր Մոսեիչ, քանի որ իմ պարտականությունն է միշտ ձեր խոնարհ ծառան լինել և անպայման լսել ձեր հրամանները,— պատասխանեց Բարսեղը այն, ըստ երևույթին կեղծ խոնարհությամբ, որ նա միշտ ցույց էր տալիս յուր «բարերարին»։

— Այժմ ո՞ւր ես գնում,— հարցրեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը։

— Զբոսնելու։

— Հա՛, եղանակը գեղեցիկ է, ուզում ես փոքր-ինչ ազատ օդ շնչել... Գնա՛, գնա՛, սիրելիս, գնա՛ զբոսնիր, թող սիրտդ բացվի... ես եմ, որ այլևս առաջվա նման տնից շուտ-շուտ չեմ կարողանում դուրս գալ։

Բարսեղը երրորդ անգամ համբուրեց յուր «բարերարի» ձեռքը և դուրս գնաց նրա առանձնասենյակից։

Երկու րոպեից հետո բարակ, ճկուն ձեռնափայտը կռան տակին և դանդաղ կերպով հագնվելով կաշվե գեղեցիկ ձեռնոցները, նա փքված իջնում էր աղա Գրիգոր Մոսեիչի տան կարմիր շորով պատած ոլորապտույտ սանդուղքներով։ Սպասավորը իսկույն հարգանքով բացեց նրա առաջ դուռը, և նա դուրս գնաց փողոց։ Այդ րոպեին փողոցով անցնում էր մի