Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/373

Այս էջը հաստատված է

—Է՜հ․ զահլա մի տանիր․․․ Մնաս բարով, մնաս բարով։

Եվ նա կառքը քշել տվեց, որի հետևից խեղճ Բախշոն մնաց նայելով

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց Ս... թաղում գտնված երկհարկանի մի գեղեցկաշեն տան առաջ։ Բարսեղը ցած թռավ, վճարեց կառապանին և քաշեց տան զանգակը։ Մի րոպեից հետո ծառան բացեց դուռը, և նա գրեթե վազելով սանդուղքներով բարձրացավ վերև, շտապով բացելով հենց այնտեղ ևեթ գտնված դուռը, ներս մտավ բավական գեղեցիկ զարդարած մի սենյակ, որտեղ իսկույն աչքի էր ընկնում հմուտ և փափկասեր տանտիկնոջ նուրբ ճաշակը։ Սենյակում ոչ ոք չկար, բայց նա մտնելուն պես կից սենյակի դռան վարագույրները հանկարծ ետ քաշվեցան և սպիտակ, թեթև շորերով մի վիթխարի աղջիկ ներս ընկնելով, ուղղակի փաթաթվեցավ նրա վզովը։

— Վա՛սյա, Վա՛սյա, ինչի՞ դու այսպես ուշացար, քեզ սպասելով հոգիս դուրս եկավ,— կանչեց նա ռուսերեն լեզվով և սկսեց համբույրների կարկուտ թափել նրա դեմքի վերա։

֊ — Ընդհակառակը, սիրելիս, ես վաղ եմ գալիս,— յուր կողմից գրկելով համբուրելով նրան, պատասխանեց Բարսեղը, որ նրա ահագին գրկի մեջ մի երեխայի էր նմանվում։— Չէ՞ որ դեռ առավոտ է, և ես կարծում էի, թե դուք դեռ վեր կացած չեք լինիլ։

— Օ՜. ի՞նչ ես ասում, այսպես ուշ մի՞թե կարելի է քնած լինել, դեռ ո՞ւր մնաց, որ ողջ գիշերն իմ քունս չի տանում, երբ մյուս առավոտը դու պիտի գաս մեզ մոտ... Ես այս գիշեր բոլորովին չեմ քնել, չնայելով, որ պարահանդեսից այնպես ուշ վերադարձանք տուն։

Նա թողեց Բարսեղին և բռնելով նրա ձեռքերից, նստեցրեց գահավորակի վերա։

Նա բավական բարձրահասակ, հասունացած և փարթամ կազմվածքով մի օրիորդ էր, որի տարիքը քսանևերեքից եթե ոչ ավելի, պակաս էլ չէր կարող լինել։ Նա շիհակեր էր. կապտաչյա և կազմվածքին համեմատ՝ բավական տգեղ, այնպես որ, գոնե առաջին հայացքից, նրա մեջ օրիորդական ոչինչ չէր երևում։ Տգեղությունը ծածկելու համար՝ նրա թխլիկ,