Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375

Այս էջը հաստատված է

մի շատ կարևոր խոսելիք ունիք և ահա այդ պատճառով ես այժմ եկել եմ ձեզ մոտ, տիկին Դարիա Կիրիլովնա։

— Այո, ես ձեզ հետ այժմ շատ կարևոր խոսելիք ունեմ, պ. Վասիլի Պետրովիչ,— պատասխանեց Դարիա Կիրիլովնան, նստելով գահավորակի վերա։

— Նստեցեք խնդրեմ։

Բարսեղը նստեց նրա դիմացը, բազկաթոռի վերա։

— Մայրիկ, խոսեցեք ռուսերեն, ես հայերեն չեմ իմանում,— ասաց Օլյան, որ պատրաստվում էր նստելու Բարսեղի կողքին։

— Ո՛չ, Օլյա,— պատասխանեց մայրը,— քեզ համար ավելորդ է այն, ինչ֊որ ես այժմ պիտի ասեմ պ. Վասիլի Պետրովիչին... և դու լավ կանես, եթե դուրս գնաս մյուս սենյակը։

— Ինչի՞, մայրիկ... ես այստեղ կմնամ, միևնույն չէ՞, ես խո հայերեն չեմ իմանում...

— Ես քեզ ասում եմ՝ դուրս գնա, մինչև որ կվերջացնենք մեր խոսակցությունը։

— Մի՞թե դուք ինձ գաղտնիք ունիք հայտնելու, տիկ. Դարիա Կիրիլովնա,— զարմացած այդ նախազգուշությունից՝ հարցրեց Բարսեղը։

— Այդ իսկույն կիմանաք,— պատասխանեց նրան Դարիա Կիրիլովնան և նորից դարձավ դեպի աղջիկը.— Օլյա՛, չե՞ս լսում...— Օլյան անբավական կերպով մի ինչ֊որ փնթփնթաց քթի տակ և դուրս գնաց դեպի մյուս սենյակը։

Զ

Տիկին Դարիա Կիրիլովնան (հայերեն Փառանձեմ) ղարաբաղցի հայ հարուստ ընտանիքներից մինի աղջիկն էր։ Նրա հայրը ծագում էր Ղարաբաղի մի հին մելիքից, որ այդ երկրի պատմության մեջ հայտնի էր իբրև ազգի դավաճան։ Օրիորդ Փառանձեմը յուր ծնողների միակ զավակն էր, և այդ պատճառով ծնողները իրենց բոլոր սերը կենտրոնացրել էին միայն նրա վերա։ Նա շատ գեղեցիկ էր, գրեթե ամենաառաջին գեղեցկուհին իրենց քաղաքի մեջ, և դեռ տասնևչորս տարեկան ժամանակ, ինչպես այդ հատուկ է Ղարաբաղի սերնդին,