Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/377

Այս էջը հաստատված է

շատ լաց եղավ, շատ տանջվեց թշնամու գնդակին զոհ գնացած ամուսնու վերա, բայց հետո փոքր առ փոքր մոռացավ նրան և գաղտնի կերպով սկսեց սիլի֊բիլի անել մի քանիսների հետ, որոնք ունեին փոքրիկ, բայց ձիգ, ոլորած բեղեր և մեղրածոր, բարակ շրթունքներ... Ոչ ոք, իհարկե, չէր կարող և իրավունք չուներ նրան դատապարտելու այդ անմեղ հանաքի համար, քանի որ հարկավոր էր չար բախտից վրեժ առնել, որ իրեն այդպիսի երիտասարդ հասակում զրկել էր անդորր կյանք վարելու և նրա պերճությունները վայելելու։ Նա վեհ սրբազան ցնորքներով կերակրվող կին չէր, գաղափարական աշխարհը նրա համար միևնույն նշանակությունն ուներ, ինչ որ ծխախոտի ծուխը․ նա ապրում էր իրական կյանքում, իրական կյանքից էլ նա ուզում էր օգուտ քաղել։ Բացի այդ բոլորից, նրան և յուր զավակին հարկավոր էր ապրուստի միջոց, որովհետև, ինչպես նա ամենքին հավատացնում էր, արքունի թոշակը, որ նշանակել էին նրա ամուսնու մահից հետո, իրենց չէր բավականանում։ Փափկակեցությունը և շռայլ կյանքը նա սաստիկ սիրում էր, այնպես որ թե՛ թոշակը և թե յուր բազմաթիվ դոն-ժուաններից ստացած գումարները ձեռաց գոլորշիանում էին, և նա դեռ սկսում էր պարտքեր էլ անել։

Սակայն անգութ, անխոնջ ժամանակը գլորվելով միշտ առաջ, տանում էր յուր հետ նրա երիտասարդական սիրուն, ծաղկափթիթ գարունը, և Ադոնիսները հետզհետե հրաժեշտ էին տալիս մեր Աֆրոդիտեից։

Այնինչ Օլյան, չնայելով որ արդեն մեծ էր, բայց դարձյալ մեծանում էր, մինչև որ վերջապես դարձավ բավական հասունացած օրիորդ, երբ նրան հարկավոր էր ամուսնացնել։ Բայց, դժբախտաբար, բնությունն այստեղ ևս պատժել էր տ. Դարիա Կիրիլովնային, պարգևելով նրան տգեղ աղջիկ, իսկ տգեղ աղջկան փեսացուներն այնքան էլ շուտ չեն հափշտակում։ Մայր և հայր գեղեցիկ էին, բայց ինչի՞ նրանց աղջիկը տգեղ էր — այդ ոչ ոք չէր կարողանում հասկանալ. մնում էր միայն բոլոր մեղադրանքը բարձել խեղճ բնության վերա, որն երբեմն սիրում է այդպիսի անհասկանալի խաղեր խաղալ մարդկանց հետ։