Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Այս էջը հաստատված է

էր, լեզուն փորը գցել իր համար կար սուս ու փուս։ Այժմ էլ, երբ գրբաց Գրիգորը մտավ, նա հանգիստ նստած էր թախտի վրա, արմունկը հենել ծնկանը, գլուխը դրել ափին և անթարթ նայում էր պատուհանից դուրս, կարծես խոր մտածմունքի մեջ ընկղմված։

Գրբաց Գրիգորին հարգանքով և պատկառանքով առաջարկեցին խրճիթում գտնված երկու հատիկ հնաձև աթոռներից մեկը։ Նստեց և սկսեց մանրամասն հարցուփորձ անել։ Սկսեցին իրար կտրելով, իրար ուղղելով, որը սկզբից, որը վերջից, որը միջից պատմել ամբողջ եղելությունը։

Գրիգորը նստած էր գդակը ետ գցած ճակատից, աթոռի մեջքին ետ ընկած, ձեռքերը դրած կրծքին, համրիչի հատիկները մեկ-մեկ գցելով, և լսում էր, նայելով մերթ Մարթային, որը նստած էր անշարժ նույն դիրքում, և մերթ դռան կողմը, որտեղից մեկը մյուսի հետևից կամացուկ, իրար հրելով ու փսփսալով ներս էին մտնում թաղի կանայք և տապ անում իրար քամակի։

Եղելության պատմությունը լսելուց հետո Գրիգորը վեր կացավ, աթոռն առավ և գնաց նստեց ուղղակի Մարթայի առջև։

Մարթան վերջապես շարժվեց, նստեց ուղիղ և սկսեց խոր դիտել նրան հոնքերը կիտած. հետո հանկարծ հոնքերը վեր նետեց. լեզուն հանեց, ծափ տվավ և սկսեց ծիծաղել։

Խելագարի այդ վարմունքի վրա մի փռթկոց բարձրացավ թամաշաչի կանանց մեջ։

Գրիգորը սակայն ոչ մի ուշադրություն չդարձրեց խելագարի այդ վարմունքի վրա, համրիչը հանգիստ կերպով գցեց արխալուղի գրպանը, մյուս գրպանից հանեց մետաքսե թաշկինակի մեջ խնամքով փաթաթած ինչ-որ մի բան և սկսեց կամաց-կամաց բաց անել. հնությունից և շատ գործածելուց մաշված ու կեղտակալած կաշեկազմ մի փոքրիկ ու հաստ գրքույկ էր, որ նա անվանում էր «Սողոմոնի գիրք»: Երկար ժամանակ ծանր ու բարակ թերթելուց հետո վերջապես կանգ առավ մի երեսի վրա և սկսեց կարդալ կամացուկ։

Խրճիթում բոլոր շշուկները դադարեցին, և ամենքը լարված լսողություն դարձան։

Մարթան նույնպես առաջվա պես սուս էր արել, հոնքերը