Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Այս էջը հաստատված է

լիներ աղջկանից — այնքան էլ անհեռատես կին չէր, որ յուր աղջիկը ձգեր մի քսանևերկու տարեկան դառ ու դատարկ տղայի ձեռքը, մանավանդ, որ ինքն էլ նպատակ ուներ օգուտ քաղելու փեսայի հարստությունից։ Մի բան կար, որ նրան մեծ հույս էր տալիս հարստության վերաբերությամբ Բարսեղի կողմից, և հենց այդ բանի համար էլ կանչել էր նրան։

Է

— Վասիլի Պետրովիչ, ահա մի ամբողջ տարի է, ինչ դուք սիրում եք իմ աղջկան, որն յուր կողմից սիրում է ձեզ։ Այժմ՝ դուք երկուսդ էլ պիտի ստանաք իմ օրհնությունը և կապվեք միմյանց հետ ամուսնական կապերով։ Սակայն մի բան կա, և ահա ինչ։ Դուք, ինչպես ինձ ասել եք, աղա Գրիգոր Մոսեիչը խղճալով ձեզ վերա, որդեգրել է ձեզ։ Սակայն, բանը սրանումն է, որ նախքան ձեր իմ փեսա լինելը, ես ձեզ մի պայման պիտի առաջարկեմ, որին չեմ կարծում, որ հանձնառու չլինիք գեթ նրա համար միայն, որպեսզի ոտի կանգնեցնեք ձեր ընկած պատիվը․․․

— Ի՞նչ պայման, հարգելի՛ տիկին,— հարցրեց զգացված Բարսեղը։— Ինչ էլ որ լինի դա, ես այժմին իսկ պատրաստ եմ ընդունելու...

— Դուք պիտի թողնիք աղա Գրիգոր Մոսեիչին,— ծանրությամբ պատասխանեց Դարիա Կիրիլովնան։

— Թեկուզ հենց այժմ, այս րոպեիս,— կանչեց Բարսեղը...

— Բայց ի՞նչպես,— նույն եղանակով վրա բերեց Դարիա Կիրիլովնան.— դառ ու դատա՞րկ... Դուք չե՞ք ուզում արդյոք վրեժխնդիր լինել այն մարդուց, որ պատճառ է եղել ձեր պատիվն այդպես ոտնակոխ լինելուն...

— Վրեժխնդի՞ր... ես ի՞նչ կարող եմ անել,— զարմացած հարցրեց Բարսեղը։

— Դուք շատ բան կարող եք անել, եթե միայն ուզենաք... Արդյոք ուզո՞ւմ եք վրեժխնդիր լինել ձեր անվանարկողից, ասացեք ինձ։